2018-ին կենսաթոշակները չեն բարձրանա

2018-ին կենսաթոշակները չեն բարձրանա

PanARMENIAN.Net - 2018-ի պետական բյուջեի մուտքերը նախատեսվում են 1 տրիլիոն 300 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 460 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ շուրջ 156 միլիարդ դրամ: Այս մասին հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ 2018-ին կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում, գրում է Panorama.am-ը:

«Այս պարագայում 2018-ին պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կմոտենա 58 տոկոսի: Եկող տարվա դեֆիցիտը էապես պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Գործնականում մենք չենք ավելացրել պետական բյուջեի դեֆիցիտը: Երկու տարի շարունակ մենք ունենում ենք ոչ թե գնաճ, այլ գնանկում: Այդուհանդերձ եկող տարվա համար ևս նախատեսում ենք 4 +-1,5 տոկոս»,- ասել է բանախոսը:

Գագիկ Մինասյանն ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ընթացիկ տարվա համար 3,4 տոկոս տնտեսական աճ էր սահմանվել, սակայն իրողությունները խոսում են այն մասին, որ այդ ցուցանիշները կգերազանցվեն: Պատճառը ծառայությունների և արդյունաբերության ոլորտում ակնկալվող տնտեսական աճն է:

«Եկող տարվա բյուջեում որևէ սոցիալական ուղղվածության ծառայություն չի պակասելու: Ճիշտ է, որոշակի ոլորտներում մենք ունենք ֆինանսավորման նվազեցում, սակայն կան նաև ոլորտներ, որտեղ ծառայությունները մատուցվելու են ավելի էժան գներով, մասնավորապես՝ առողջապահության բնագավառում: Խոսքն, օրինակ, սրտի վիրահատությունների մասին է»,- նշեց տնտեսագետ պատգամավորը:

Ասուլիսի ավարտին Գագիկ Մինասյանն ընդգծել, որ փորձ է արվում բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն իրականացնել ներքին աղբյուրների հաշվին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրման ժամկետը չի հետաձգիվի: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել է ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---