Գումբուրդոյի եկեղեցու բակում տապանաքար-հուշաքար կկանգնեցվի 3 տարուց

Գումբուրդոյի եկեղեցու բակում տապանաքար-հուշաքար կկանգնեցվի 3 տարուց

PanARMENIAN.Net - Գումբուրդոյի միջադեպից հետո ձևավորված աշխատանքային խումբը քննարկել և եկել է համաձայնության, որ խաչքարը կամ հուշաքարը եկեղեցու բակում կկանգնեցվի 3 տարուց՝ եկեղեցու վերանորոգման ավարտից հետո ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում և հավաքական գերեզմանի վրա կկանգնեցվի տապանաքար-հուշաքար:

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, 10-րդ դարի Սուրբ Աստվածածնի ննջման տաճարի բակում սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ միջադեպ տեղի բնակչության մի մասի և իրավապահների միջև: Միջադեպն առաջացավ, երբ տաճարի բակում, առանց նախնական համաձայնության, հայկական ավանդական քարե խաչ՝ խաչքար տեղադրելու փորձ արվեց:

Աշխատանքային խմբում ընդգրկված էին՝ թե աշխարհիկ պաշտոնյաներ, թե հոգևորականներ, թե հասարակ գումբուրդոցիներ: Աշխատանքային խմբի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն անձամբ Գումբուրդոյի բնակչությանը ներկայացրել է Վիրահայոց թեմի առաջնորդը:

«Մեր համայնքի բարձրացրած երկու հարցերը ունեցել են դրական լուծում: Առաջինը, որ մեր նախնիների ոսկորները, առաջին հերթին այստեղ հայերի ոսկորներ են, բնական է այս տաճարը հազար տարի կա, կարող է լինել և վրացիների ոսկորներ: Ուրեմն այս ոսկորների հարցը լուծված է, այս ոսկորները թաղվելու են այստեղ, եկեղեցու բակում»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազեն Միրզախանյանը, հայտնում է jnews.ge-ն:

Նա հավելել է, որ որ տաճարի նորոգման ամբողջ ընթացքում կարող է շինարարները մինչև 1,5-2 մետր հողի մակարդակից իջեցնեն ներքև, որպեսզի հետազոտական աշխատանքներ տարվեն:«Եթե մինչև հիմա 45 պարկ ոսկոր է դուրս եկել, հետո կարող է ավելի շատանալ: Ամեն անգամ չենք տանելու թաղելու, առաջարկում ենք Վրաստանի պատրիարքի երաշխիքով, պետության երաշխիքով, և մեր երաշխիքով, որ այստեղից մեր ոսկորները հանենք մի հարմար տեղ պահենք: 2-3 տարվա ընթացքում, երբ որ ավարտվի ու սկսվի բարեկարգումը տեղ է հատկացվելու, որտեղ կթաղվեն հավաքված ոսկորները»,- վստահեցրել է թեմակալ առաջնորդը:

Անդրադառնալով խաչքար կանգնեցնելու խնդրին, որը հենց սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած իրադարձությունների բուն պատճառն է, հոգևոր առաջնորդն ասաց, որ տապանաքար կլինի, բայց թե ինչ տեսք կունենա այն, դեռ չեն կարող ասել:

«Վրացի և հայ ճարտարապետները իրար հետ աշխատելու են, կարող է երկու խաչքար դնեն, կարող է հետաքրքիր մի ուրիշ բան, երկու կողմերի որոշումով պիտի լինի տապանաքար-հուշաքար, ինչի տապանաքար, որովհետև ոսկորներ են, ննջեցյալներ են: Եվ վրան պետք է գրված լինի հայերեն և վրացերեն լեզուներով: Ես կարծում եմ շատ բան չարժի գրել, պետք է գրվի, որ այստեղ մեր պապերն են, հոգևորականներն ննջում: Աստված ողորմի իրենց ոսկորներին»:

Եկեղեցու բակում հավաքված էր մոտ 30 մարդ, որոնք իրենց համաձայնությունը տվեցին, որպեսզի պայմանագիր կնքվի, որպես երաշխիք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---