Նալբանդյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում. Բաքուն ուզում է ջնջել հայերի ներկայության մասին հիշողությունը

Նալբանդյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում. Բաքուն ուզում է ջնջել հայերի ներկայության մասին հիշողությունը

PanARMENIAN.Net - Կրթությունը զորեղ գործիք է ՅՈւՆԵՍԿՕ-ի որդեգրած արժեքները խթանելու համար, սակայն որոշ պետություններ կրթությունն օգտագործում են հակադիր նպատակներով՝ դրա միջոցով ազգայնական ատելություն սերմանելով, հատկապես երիտասարդների շրջանում: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) 39-րդ գլխավոր համաժողովում։

Նախարարը հավելել է, որ Ադրբեջանի դասագրքերում բազմաթիվ նման օրինակներ կան. դրանցից մեկը երեխաներին սովորեցնում է, որ հայերն իրենց գենետիկ թշնամիներն են: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշված է, որ «Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակել են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»:

Գերմանացի հայտնի գրող Հայնրիխ Հայնեն ասում էր. «Այնտեղ, ուր գրքեր են այրում, վերջում մարդկանց են այրելու»։ Ադրբեջանցի հայտնի վիպասանի գրքերը կրակի մատնվեցին Բաքվի փողոցներում միայն այն պատճառով, որ նա ճշմարտություն էր ասել հայերի կոտորածների մասին և հաշտեցման կոչ էր արել: Նա ներկայացրել էր Նախիջևանում իր հայրենի գյուղի պատմությունը, որն իր մանկության տարիներին ուներ տասներկու հայկական եկեղեցիներ: Դրանք բոլորը՝ Նախիջևանում և Ադրբեջանի ողջ տարածքում առկա հայկական բազմաթիվ այլ սրբավայրերի ու գերեզմանատների հետ մեկտեղ, ոչնչացվել են 1990-ական և 2000-ական թվականներին: Նույն կերպ Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր նրբազարդ միջնադարյան խաչքարեր հողին են հավասարեցվել ադրբեջանական իշխանությունների թողտվության պայմաններում: Այդ տարածքն այժմ վերածվել է ռազմական հրաձգարանի:

Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումներից հետո, այժմ Բաքուն նպատակ է դրել ջնջել հայերի՝ մի քանի հազարամյա ներկայության մասին անգամ հիշողությունը, տարածաշրջանում տեղաբնիկ հայ մշակույթի և պատմության ցանկացած հետք: Բաքուն ջնջում է անցյալը այն պատճառով, որ այն չի համապատասխանում Ադրբեջանի կողմից ինքն իր համար հորինված երևակայական ներկային, հավանաբար, հետևելով Ջորջ Օրուելի հայտնի խոսքերին՝ «ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»: Նրանք, ովքեր այսօր վերահսկում են Ադրբեջանը, կարծում են, որ կարող են վերաշարադրել պատմությունը` օրինականացնելու համար իրենց ներկայիս անհանդուրժողական քաղաքականությունը»:

Խոսելով պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին նախարար Նալբանդյանը նշել է. «Պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, Հայաստանը ձևավորել է այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի և համակեցության խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է հելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը»:

Նախարարը շեշտել է, որ Հայաստանի հարևանները տարբեր վերաբերմունք են ցուցաբերել հայկական պատմական ժառանգության պահպանման հարցում: Առկա է լավ համագործակցություն Իրանի հետ, որը պատշաճ կերպով հոգ է տանում իր տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին՝ ի տարբերություն հարևան Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի, որտեղ համամարդկային արժեք ունեցող բազմաթիվ մշակութային հուշարձաններ կորսվել են հավիտյան:

«Մենք նաև մեծապես մտահոգված ենք պատերազմից տուժած Սիրիայում հայկական հուշարձանների և սրբավայրերի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ: Խորապես համոզված ենք, որ Սիրիայում հետ-հակամարտության վերականգնման գործընթացը պետք է վերահաստատի ազգային ու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի իրավունքներն իրենց կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ»,-ասել է նա:

Եզրափակելով իր ելույթը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է. «Ներկայումս առավել բարձր է այնպիսի ջանքերի պահանջարկը, որոնք մարդկանց գիտակցության մեջ ներդնում և ամրապնդում են խաղաղության գաղափարը, որոնք մեր տարբերությունները վերածում են առավելության, պահպանում և օգտագործում են մեր ընդհանուր ժառանգությունը` որպես կամուրջ սերունդների, մշակույթների և ժողովուրդների միջև: Հայաստանը խորապես հավատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս առաքելությանը և պատրաստ է շարունակել իր ներդրումն այդ նպատակների իրագործման համար», հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---