ԱԱԾ. Մոտ 100 կգ հերոինը քրդերի պատվերով ՀՀ տարածքով Եվրոպա պետք է տեղափոխվեր

ԱԱԾ. Մոտ 100 կգ հերոինը քրդերի պատվերով ՀՀ տարածքով Եվրոպա պետք է տեղափոխվեր

PanARMENIAN.Net - Իրանից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներկրման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։ Ըստ նախնական տվյալների՝ թմրամիջոցի մոտ 100 կգ խմբաքանակը նախատեսված է եղել հետագայում ջրային տրանսպորտով տեղափոխել Եվրոպա՝ թմրաբիզնեսի անդրազգային հանցավոր խմբավորման կողմից վերահսկվող ուղղությամբ։

Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան օպերատիվ և քննչական գործողություններ իրականացնելուց հետո, նախաքննական գաղտնիքն ապահովելով, այս փուլում արդեն իսկ նպատակահարմար է գտնում հանրությանը իրազեկել, որ 105 կգ 100 գ բրուտտո և 101 կգ 830 գ 160 մգ նետտո քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցն Իրանի Իսլամական Հանրապետությունում փաթեթավորվել է թվով 204 բրիկետի մեջ:

Թմրամիջոցը թաքցվել էր օտարերկրյա կազմակերպության անվամբ հաշվառված բեռնատարին ամրակցված կցորդի դիմային աջակողմյան հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցում, և գործով դեռևս չպարզված՝ ազգությամբ քուրդ երեք անձանց կողմից նշված բեռնատարի վարորդ՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող Թուրքիայի քաղաքացուն համապատասխան վարձատրության դիմաց պատվիրվել է այն Հայաստանի տարածքով փոխադրել Վրաստան։

2017թ. հուլիսի 9-ին նշված բեռնատարը հատել է ՀՀ պետական սահմանը և մտել «Մեղրի» մաքսակետ, սակայն տարանցիկ եղանակով Հայաստանի տարածքով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձը կանխվել է, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը:

Թմրամիջոցի մաքսանենգությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տվյալներ ներկայումս ձեռք չեն բերվել, և ըստ նախնական տեղեկությունների՝ թմրամիջոցի նշված խմբաքանակը նախատեսված է եղել հետագայում ջրային տրանսպորտով տեղափոխել Եվրոպա՝ թմրաբիզնեսի անդրազգային հանցավոր խմբավորման կողմից վերահսկվող ուղղությամբ։

Թմրամիջոցը փոխադրողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով ապահովվել է մեղադրյալի պաշտպանության իրավունքը, նախաքննական մարմնի կողմից ՀՀ ԱԳՆ միջոցով սահմանված կարգով իրազեկվել են Թուրքիայի իշխանությունները` այդ երկրի քաղաքացու ձերբակալման մասին:

Առաջադրված մեղադրանքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և տվել է դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ:

Քննությամբ ձեռք բերված վերոհիշյալ տեղեկությունները ստուգելու և մաքսանենգության մյուս մասնակիցների՝ առաքողների ու դրա հասցեատերերի ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ քննչական գործողություններ և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իրավական օգնություն ցուցաբերելու պահանջներ են ուղարկվել վերը նշված մաքսանենգության դեպքին առնչվող երկրների իրավապահ մարմիններին։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---