ՄԻՊ-ն առաջարկում է կանոնակարգել վիճակախաղի գովազդի հեռարձակումը

ՄԻՊ-ն առաջարկում է կանոնակարգել վիճակախաղի գովազդի հեռարձակումը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջարկում է կանոնակարգել վիճակախաղի գովազդի հեռարձակումը: ՄԻՊ աշխատակազմում մշակվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Գովազդի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքների և հարակից այլ օրենքների, նաև դրանց գործադրման պրակտիկայի ուսումնասիրման արդյունքում, պարզվել է, որ բացակայում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատոր) գովազդի մանրամասն իրավական կարգավորումը: Մինչդեռ, այդ իրավական բացը կարող է դառնալ անձանց, այդ թվում՝ անչափահասների, իրավունքների խախտման պատճառ։

Նախագծով առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է հեռուստահաղորդակցության ալիքով վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև դրանց կազմակերպիչների գովազդը թույլատրել հեռարձակել ժամը 24.00-ից մինչև 06.00-ն ներառյալ:

Առաջարկվում է վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի գովազդի ժամանակ արգելել՝ որևէ կերպ դիմել անչափահասներին, մարդկանց կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործելը, տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորություն կամ աշխատանքի այլընտրանք է, տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է, ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, սպորտային կամ անձնական հաջողության, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Օրինագծով նախատեսվում է նաև արգելել գովազդում քննադատել վիճակախաղին կամ ինտերնետ շահումով խաղին չմասնակցելը:

Ըստ օրինագծի, վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---