Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնմանը

Աշոտյանը  գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնմանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Նա այդ մասին ասել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ԵՄ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Հերիբերթ Հիրթեի հետ հանդիպմանը:

Հերիբերթ Հիրթեն Հայաստան է այցելել Երևանում նոյեմբերի 22-ին կայացած «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով պարոն Հերիբերթ Հիրթեին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարևորել է Գերմանիայի Բունդեսթագի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Բունդեսթագի հետ հարաբերությունների զարգացման և խորացման համար:

ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Հերիբերթ Հիրթեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է Հայաստան-Գերմանիա հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև միջխորհրդարանական հարաբերությունների խթանման համար:

Անդրադառնալով քրիստոնեական համայնքների խնդիրներին՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում, ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կարևորել է հայկական համայնքների անվտանգության, ինչպես նաև մշակութային ժառանգությունների պահպանման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև մտքի, խղճի ազատության գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:

Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում Արմեն Աշոտյանն արժևորել է երկու պետությունների խորհրդարաններում բարեկամության խմբերի միջև արդյունավետ և կառուցողական գործունեությունը: Նա հույս է հայտնել, որ հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամական խմբերում չեն ընդգրկվի այն գերմանացի պատգամավորները, որոնց անուններն առնչվում են «ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալի հետ:

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային հանրության կողմից՝ ընդգծելով, որ Ցեղասպանության ճանաչումը քայլ է՝ կանխելու մարդկության դեմ նոր հանցագործությունների իրականացումը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---