Նալբանդյան. Կոնվենցիայի 70-ամյակը կարող է նոր լիցք հաղորդել ցեղասպանությունների կանխարգելմանը

Նալբանդյան. Կոնվենցիայի 70-ամյակը կարող է նոր լիցք հաղորդել ցեղասպանությունների կանխարգելմանը

PanARMENIAN.Net - Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` հայերը բարոյական պարտավորություն են զգում` նպաստելու ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ իր ելույթում:

«Այսօր, նշելով Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը, մենք միանում ենք բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում երաշխավորելու, որ «այլևս երբեք»-ը դա համամարդկային խոստում է, որը հարգվում և պահպանվում է բոլորի կողմից: 2015-ին Հայաստանի նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեր ջանքերով դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր:

2015-ից ի վեր դեկտեմբերի 9-ը մարդկության դեմ հանցագործությունների կրկնության դեմ համատեղ պայքարի կարևոր հարթակ է դարձել: Այն նաև կարևոր առաքելություն է կրում` կրթելով և բարձրացնելով մարդկության դեմ հանցագործությունների մասին իրազեկվածությունը»,-ասել է նախարարը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նալբանդյանը հիշեցրել է, որ 2018-ի դեկտեմբերի 9-ին Հիշատակման միջազգային օրն առավել մեծ նշանակություն է ձեռք բերելու, քանի որ այն համընկնելու է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ, ինչը հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ վերահաստատելու Ցեղասպանության կոնվենցիայի կարևորությունը:

«Սակայն, 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից»: Չափազանց կարևոր է կրկնապատկել կանխարգելման օրակարգի ամրպնդմանն ուղղված միջազգային ջանքերը: Հուսով ենք, որ Կոնվենցիայի 70-ամյակը նոր լիցք կհաղորդի այս ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերին»,-ասել է նա:

2015 թվականի մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”): Հայաստանի նախաձեռնած բանաձևում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին: Բանաձևի համաձայն, նախատեսվում է նաև ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների համաշխարհային ցանցի ստեղծում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---