Թումոն ընդլայնել է ծրագրերի հասանելիությունը. 2800 նոր ուսանող ունի

Թումոն ընդլայնել է ծրագրերի հասանելիությունը.  2800 նոր ուսանող ունի

PanARMENIAN.Net - Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ընդլայնել է կրթական ծրագրի հասանելիությունը՝ ապահովելով 170 հավելյալ համակարգիչ և կենտրոն ընդունելով 2800 պատանի, ովքեր գրանցված էին սպասման ցուցակներում։ Այժմ նոր ուսանողները և նրանց ծնողները անցնում են կողմնորոշիչ հանդիպումների և առաջին՝ նախապատրաստական դասերի փուլը։

Վերջին տարիներին կենտրոնի գործունեության հանդեպ հետաքրքրության և ծրագրին անդամակցել ցանկացողների թվի կտրուկ աճի արդյունքում կենտրոնում գոյացավ բազմաթիվ պատանիների հերթ։ Նոր սարքավորումները ձեռք բերելով և կենտրոնի ադմինիստրատիվ տարածքների մի մասը կրթական հարթակի և դասընթացների սենյակների վերածելով՝ Թումոն մինչև 2017-ի ավարտը հնարավորություն տվեց գրանցված բոլոր երիտասարդներին սկսել իրենց կրթական ուղին։ Այսպիսով, այժմ Երևանի Թումո է հաճախում 10.000-ից ավելի պատանի, իսկ ամբողջ Հայաստանում և Արցախում ծրագրի մեջ ներգրավված է մոտ 14.000 ուսանող։

Թումոյի՝ տեխնոլոգիաների և արվեստի արդիական ոլորտներում յուրատեսակ անվճար կրթությունը հնարավորինս շատ պատանիների տրամադրելու առաքելությունն այսքանով չի սահմանափակվում։ Հաջորդ գլխավոր քայլերն են՝ Թումո կենտրոնի բացումը Տավուշի մարզի Կողբ գյուղում, կրթական ծրագրի մատուցումը Կողբի, Նոյեմբերյանի, Բերդավանի և մոտակա գյուղերի պատանիներին, ինչպես նաև Գյումրիի կենտրոնի ընդլայնումը և տեղափոխումը քաղաքի առաջին, պատմական թատրոնի շենք, ինչը թույլ կտա կրկնապատկել Գյումրիի ուսանողների ներկայիս քանակը, ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---