Սարգսյան. Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ

Սարգսյան. Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի հետ հանդիպմանը:

Նախագահն այդ համատեքստում կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, ինչը, նրա կարծիքով, անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորման գործին, բացահայտում` Արցախի վերաբերյալ Ադրբեջանի կողմից տարածվող կեղծիքը:

Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք, նրա համոզմամբ, լավագույնս լրացնում են միջպետական հարաբերությունների օրակարգը: Հանրապետության Նախագահը դրվատանքով է խոսել Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբի գործունեության մասին` ուղղված հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը: Այդ գործունեությունը, ըստ նախագահի, դրսևորվում է նաև պատգամավորների Հայաստան այցերի ժամանակ երկրի մասին ճիշտ պատկերացումների ձևավորմամբ և համապատասխան տեղեկատվության տարածմամբ, որը թույլ է տալիս Ֆրանսիայում առավել ամբողջական և օբյեկտիվ պատկերացում կազմել Հայաստանի մասին:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի Ազգային ժողովի գործունեությունը, որը, Նախագահի խոսքով, համահունչ է Ֆրանսիայի՝ մարդու իրավունքների առաջամարտիկ երկրի համբավին։ Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել նաև հայ-ֆրանսիական սերտ համագործակցության մասին բազմակողմ հարթակներում` միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ֆրանսուա դը Ռյուժին անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրանց հետագա զարգացմանը:

Հունվարի 23-ին ՀՀ նախագահը հանդիպում էր ունեցելՖրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:Ժերար Լարշեն հայ-ֆրանսիական հարաբերությունները բնորոշել է որպես բարեկամության և փոխադարձ վստահության մթնոլորտում զարգացող բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք, նրա խոսքով, պետք է առավել սերտանան դեռևս քաղաքական հարաբերությունների այդ մակարդակին զիջող տնտեսական կապերի ընդլայնմամբ:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---