Ռոբերտ Քոչարյան. Իրավիճակի զարգացումը ցույց տվեց, որ արտակարգ դրություն հայտարարելն անհրաժեշտություն էր

PanARMENIAN.Net - Իրավիճակի զարգացումը ցույց տվեց, որ արտակարգ դրություն հայտարարելն անհրաժեշտություն էր, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, եթե արտակարգ դրություն չհայտարարվեր, ապա կորուստները շատ ավելի մեծ կլինեին, իսկ հետեւանքները` ավելի ծանր: Ինչպես հայտարարել է ՀՀ նախագահը, մարտի իրադարձությունների ամբողջական պատկերը կվերականգնվի, քանի որ իրավապահ մարմինները մեծաքանաքկ նյութեր ունեն, այդ թվում նաեւ տեսանյութեր: «Դա հնարավորություն կտա ճիշտ գնահատել իրավիճակը, ինչպես նաեւ հնարավորություն կտա իրավապահ մարմիններին համապատասխան քայլեր ձեռնարկել: Իրավապահ մարմինների աշխատանքների ծավալը հսկայական է անկարգությունների մասնակիցների մեծ թվի, ինչպես նաեւ լայն աշխարհագրության պատճառով: Քննչական խումբը պետք է օր ու գիշեր աշխատի կատարվածի ամբողջական պատկերը ստանալու համար: Իմ հանձնարարականով, բնակչությունն ամեն օր կտեղեկացվի կատարված աշխատանքի մասին, այդ թվում ԶԼՄ-ների միջոցով»,-նշել Ռ.Քոչարյանը:



ՀՀ նախագահը անկարգությունների մասնակիցներին բաժանել է 3 խմբի: Առաջինը` կազմակերպիչները, որոնց գործողությունների արդյունքը եղան զանգվածային անկարգությունները, որ սկսվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Այդ խումբը կարելի է կիսել երկու ենթախմբերի` առաջինը` մարդիկ, որոնք անկարգությունների էին հրահրում, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ ենթախումբը, գիտակցելով հնարավոր հետեւանքները, փորձում էր հանգստացնել ցույցի մասնակիցներին, օրինակ, Դավիթ Շահնազարյանը:



Երկրորդ խումբը դա հրազենով եւ պայթուցիկով զինված մարդիկ էին: Զոհվածների եւ վիրավորների ողջ պատասխանատվությունը կրում են նրանք, նշել է Ռ.Քոչարյանը` հավելելով, որ հարձակումներն իրավապահ մարմինների աշխատակիցների վրա կրում էին կազմակերպված բնույթ:



Երրորդ խումբը հանրահավաքի այն մասնակիցներն էին, որոնք հետագայում ակտիվորեն մասնակցեցին նաեւ թալանին:



Մարդկանց այդ երեք խմբերը կատարել են տարբեր ծանրության հանցագործություններ, եւ մոտեցումը նրանց հանդեպ համապատասխան մարմինների կողմից տարբեր է լինելու: Սակայն, հավելել է ՀՀ նախագահը, անարդար կլիներ, չպատժելով կազմակերպիչներին, պատժել այն մարդկանց, որոնք իրենք էլ դարձան այդ հանրահավաքի զոհերը, ովքեր չեն մասնակցել ոստիկանության հետ ընդհարումներին: Սակայն նրանք բոլորն իրենց պատիժը կստանան: Եվ առաջին հերթին, կազմակերպիչները, որոնք թույլ տվեցին, որ իրադարձությունները դուրս գան վերահսկողությունից, որոնք հանրահավաքը վերածեցին ամբոխի: Պատմության ընթացքում ոչ ոքի չի հաջողվել կառավարել ամբոխը: Եվ, հավաքելով մարդկանց, նրանք պետք է պատասխանատվություն կրեին նրանց համար:



Ինչպես նշեց Ռ.Քոչարյանը, հատուկ վերաբերմունք կլինի, անշուշտ, անկարգությունների զինված մասնակիցների հանդեպ: «Մենք գիտենք որտեղ որոնել նրանց, թեեւ նրանք փորձում են խուսափել արդարադատությունից եւ թաքնվել իրավապահ մարմիններից: Ցանկանում եմ հիշեցնել վարչապետի` անկարգությունների մասնակիցներին ուղղված կոչը` կամավոր դիմել իրավապահ մարմիններին, ինչը թույլ կտա վերականգնել իրադարձությունների ամբողջական պատկերը եւ պատժել մեղավորներին», ասել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---