Գյուղնախարարությունը նոր ծրագիր է մշակում ընտանեկան բիզնեսի համար

Գյուղնախարարությունը նոր ծրագիր է մշակում ընտանեկան բիզնեսի համար

PanARMENIAN.Net - Գյուղնախարարությունը նոր ծրագիր է մշակում ընտանեկան բիզնեսի համար: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մի շարք խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը:

Հանդիպման նպատակն էր ջերմոցատերերի հետ քննարկել ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ հարցերի լուծման ուղիները և նախանշել զարգացման հեռանկարները:

«Հանրապետությունում նոր խոշոր ջերմատներ են կառուցվում, փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների նկատմամբ նույնպես հետարքրություն կա: Նախորդ տարի կառավարությունը իջեցրեց գազի սակագինը ջերմոցային տնտեսությունների համար, այժմ նախապատրաստում ենք լիզինգի ծրագիր փոքր և միջին ջերմոցատերերի համար` փոքր ընտանեկան բիզնեսի խրախուսման և եկամուտների ավելացման նպատակով, միաժամանակ նաև սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագիր ենք մշակում, որը թույլ կտա ճիշտ պահեստավորել և պահպանել արտադրանքը` արտահանման նպատակով»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` կոչ անելով հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրենց մտահոգող հարցերն ու առաջարկները:

Հանդիպմանը ներկա ջերմոցատերերը բարձրացրել են թուրքական պտուղ-բանջարեղենի ներմուծման դեպքերին, պարարտանյութերի և թունաքիմիկատների որակի լաբորատոր ստուգումների հնարավորությանը, որակյալ մասնագետների պատրաստմանը, կենսաբանական եղանակներով բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Հանդիպման մասնակիցները ոլորտի ընդլայնման և զարգացման նպատակով կարևորել են նաև մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման հարցը:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նախարար Առաքելյանը նշել է , որ նախարարությունն առկա հարցերին լուծումներ տալու ուղղությամբ կմշակի ծրագրեր և դրանք կներկայացնի կառավարության քննարկմանը, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը նշել էր, որ գազի սակագնի նվազեցումը նպաստում է ջերմոցային տնտեսությունների շահութաբերության բարձրացմանը և չաշխատող ջերմոցների վերագործարկմանը: Նրա խոսքով` ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը մշակել և կառավարության քննարկմանն է ներկայացնելու ծրագիր, որով նախատեսվում է Հայաստանը վերածել ջերմատնային արդյունաբերական երկրի` տեղում համապատասխան սարքավորումներ ու համակարգեր արտադրելու, տեղական սերմն ու տնկանյութը կիրառելու միջոցով, ինչը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---