Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից

Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից: Նա տանն է: Այդ մասին հայտնել է Ջիգարխանյանի թատրոնի թատերախմբի ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոն:

«Ջիգարխանյանը տանն է և շարունակում է ամբուլատոր բուժումը, իսկ մենք անհամբեր սպասում ենք նրան թատրոնում՝ նա կհասցնի մասնակցել «Պիգմալիոնի» նախնական բեմադրությանը պրեմիերայից առաջ: Ներկայացման առաջնախաղը նախատեսված է փետրվարի 8-ին և 9-ին»,-ասել է նա:

Հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է սրտի նոպայով: Սակայն ավելի ուշ նրա փաստաբան Եվգենի Պարֆենովը հայտնեց, որ հոսպիտալացումը կապված է վիրուսի կամ մրսածության հետ:

Հունվարի 31-ին Մոսկվայի Կունցևոյի շրջանի դատարանը հաստատել է հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի մասին որոշումը: Նախորդ որոշումը բողոքարկել էին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի իրավաբանները:

Ավելի վաղ մեծ սկանդալ բռնկվեց 82-ամյա դերասանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ, որը սկսվեց նրանից, որ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Հոսպիտալացումից հետո նա հայտարարեց, որ մտադիր չէ այլևս ապրել կնոջ հետ, իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, հրաժարական տվեց և հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց: Ավելի ուշ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք ներկայացվեց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---