Փոխնախարար. Կարևոր է հասկանալ, թե որ բուհերը կարող են կոչվել համալսարան

Փոխնախարար. Կարևոր է հասկանալ, թե որ բուհերը կարող են կոչվել համալսարան

PanARMENIAN.Net - Հայաստանը կարևորում է բուհերի դասակարգումն ու հաշվետվողականությունը. չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ չափանիշներով պետք է առաջնորդվել բուհերի դասակարգման համար, որ բուհերը կարող ենք կոչել համալսարան: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումներին նվիրված հերթական աշխատաժողովի ընթացքում, որն անցկացվել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Հայաստանի բուհերի ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ:

Կարևորելով քննարկումը՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդգծել է, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: «Օրենքի ընդունումից հետո պետք է իրականացվի հաջորդական քայլերի մի ողջ ծրագիր, որը հնարավորություն կտա իրականություն դարձնել օրենքով նախատեսված փոփոխությունները: Միջազգային փորձագետների կարծիքներն ու տարբեր երկրներում ներդրված փորձը մեզ համար կարևոր են՝ ազգային համակարգը բարեփոխելու տեսանկյունից»,- իր խոսքում նշել է Վահրամ Մկրտչյանը և հավելել, որ Հայաստանի կրթական համակարգի համար կարևոր է քննարկել դասակարգման, վարկանիշավորման, ինչպես նաև թափանցիկության և հանրային հաշվետվողականության չափորոշիչների միջազգային փորձը, հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետներ Դենիս Նիկոլաևը և Ֆրանցիսկո Մարմոլեյոն Դանիայի օրինակով ներկայացրել են բարձրագույն կրթության դասակարգման, ինքնավարության և հանրային հաշվետվողականության մոդելները: Անդրադարձ է եղել նաև ՌԴ և եվրոպական մի քանի երկրների փորձին:

Ավելի վաղ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ընդգծել էր, որ բուհերի դասակարգումից հետո հաջորդ քայլը ներքին շարժունության հնարավորությունների ստեղծումն է ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի համար: «Խնդիր է նաև գիտություն-բարձրագույն կրթություն կապը՝ կրեդիտային համակարգի ներդրման համատեքստում: Օրինակ, եթե ուսանողն ուսումնառության ընթացքում պետք է 240 կրեդիտ հավաքի, ապա պետք է հավասարակշռել՝ որքանը բուհերում, որքանը գիտական ինստիտուտներում: Կարևոր է նաև ֆինանսավորման և ուսման վարձավճարների գանձման արդյունավետ համակարգի ներդրումը: Այս բոլոր խնդիրների լուծման համար առաջարկներ մշակելու որոշակի ժամանակ և մասնագիտական վերապատրաստումներ են անհրաժեշտ»,- նշել էր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---