Կոստանյան. ՄԻԵԴ վճիռների հիման վրա ՀՀ դատավորները պատասխանատվության կենթարկվեն

Կոստանյան. ՄԻԵԴ վճիռների հիման վրա ՀՀ դատավորները պատասխանատվության կենթարկվեն

PanARMENIAN.Net - Դատական օրենսգրքի նախագծով ՄԻԵԴ վճիռների հիման վրա ՀՀ դատավորները, երբ ճանաչվում է խախտման փաստը, պատասխանատվության կենթարկվեն: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ պետական կառավարման մարմիններում անպատասխանատու պաշտոնյաներ չեն կարող աշխատել։

«Պետական կառավարման մեջ անպատասխանատու որևէ սուբյեկտի պաշտոնավարումը վտանգավոր է», - խորհրդարանում Դատական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է Կոստանյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա ասել է, որ տասը տարուց ավելի է՝ ինքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ է ու եզրակացրել է. «Քանի դեռ մենք չբարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը, մեր ակնկալած որակի արդարադատություն չենք ունենա։ Առավոտից երեկո սեմինարներ անենք դատավորների համար, գիշեր-ցերեկ կոնֆերանսներ անենք, վերապատրաստենք, չգիտեմ՝ ինչեր անենք, արդյունք չի տալիս։ Հետևաբար՝ ես սկզբունքորեն գտնում եմ, որ շատ կարևոր է, որ մենք բարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը»։

Պատգամավորի խոսքով՝ Դատական օրենսգրքի նախագծով մանրամասն կարգավորվում է այդ հարցը։ Մասնավորապես, նա հստակեցրել է, որ ՄԻԵԴ վճիռը կարող է հիմք հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատել է, որ ՄԻԵԴ հասնելու համար քաղաքացին պետք է սպառի հայաստանյան երեք դատական ատյանները՝ առաջին ատյան, Վերաքննիչ դատարան, Վճռաբեկ դատարան և հետաքրքրվել, թե որ դատավորն է ենթակա պատասխանատվության կոնվենցիայի դրույթը խախտելու համար։

Ի պատասխան Կոստանյանն ասել է, որ բոլոր ատյանների դատավորներն էլ, որոնք ներգրավված են եղել այդ գործում, ենթակա են պատասխանատվության։ «Եվ՛ առաջին ատյանի, և՛ Վերաքննիչ, և՛ Վճռաբեկ դատարանների դատավորներին պետք է պատասխանատվության ենթարկել։ Այո՛։ Իրենց կատարած խախտման համամասնությամբ նրանք ենթակա են պատասխանատվության», - շեշետեց պատգամավորը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 14-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը՝ ՀՀ իշխանություններին պարտավորեցնելով 6.000 եվրո վճարել հայցվորին։ ՄԻԵԴ-ը գտել է, որ իշխանությունները պատշաճ հետաքննություն չեն իրականացրել Ալիկ Մաթևոսյանի պնդումների առնչությամբ:Տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելում)։ Որպես վնասի հատուցում ՄԻԵԴ-ը գտել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է Մաթևոսյանին վճարի 6000 եվրո։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---