Փաշինյանը դեսպանից պարզաբանում է պահանջել Իտալիայում իրեն բերման ենթարկելու փորձի մասով

Փաշինյանը դեսպանից պարզաբանում է պահանջել Իտալիայում իրեն բերման ենթարկելու փորձի մասով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է Իտալիայի դեսպանին՝ Իտալիայի ոստիկանության գործողությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Այդ մասին ասվում է պատգամավորի ֆեյսբուքյան էջում:

ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ջովանի Ռիչուլիին հասցեագրված գրության մեջ Փաշինյանը խնդրում է պարզաբանել, թե ինչ հիմնավորմամբ էին ոստիկանները Հռոմում փորձում իրեն բերման ենթարկել:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, թե Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը:

«Հունվարի 30-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները ինձ բերման ենթարկելու փորձ են արել՝ պատճառաբանելով, որ Հայաստանի իշխանությունները Ինտերպոլի միջոցով իմ նկատմամբ հետախուզում են հայտարարել։ Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ իմ նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է դեռեւս 2009 թվականին։

Ելնելով վերը նշվածից՝ խնդրում եմ պարզաբանել, թե ի վերջո ինչ հիմնավորմամբ էին Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները Հռոմում փորձում ինձ բերման ենթարկել»,-ասվում է գրության մեջ:

Փաշինյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի նախագահական ընտրություններից ու մարտիմեկյան իրադարձություններից հետո։ 16 ամիս ընդհատակում անցկացնելուց հետո, 2009-ի հուլիսին նա ինքնակամ հանձնվել էր իրավապահներին։ 2010 թվականին Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, 2011-ի մայիսին, սակայն, ազատ է արձակվել ի թիվս մարտիմեկյան իրադարձությունների գործով ձերբակալված ու բազմաթիվ տասնյակ այլ քաղաքացիների։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---