Սերժ Սարգսյան. Ռոբերտ Քոչարյանը չի լինի Հայաստանի վարչապետը

PanARMENIAN.Net - Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի նշանակվի երկրի վարչապետի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը: Եթե մենք ծրագրեինք գնալ ռուսական սցենարով, ապա մենք կհայտարարեինք այդ մասին մինչ ընտրությունները, ինչպես դա արեցին Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդեւը: Ես դեռեւս չեմ որոշել, թե ով կգլխավորի կառավարությունը եւ չգիտեմ, թե երբ կտամ նոր վարչապետի անունը»,-ասել է Սարգսյանը:



Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ՀՅԴ-ն կմասնակցի կառավարական կոալիցիային: «Ես հանդիպել եմ նաեւ Վազգեն Մանուկյանի եւ մյուս ընդդիմադիրների հետ: Առաջիկա 10 օրում ժողովրդին կներկայացվի նոր կառավարության քաղաքական ծրագիրը: Կոալիցիոն կառավարության ձեւավորումը միայն աշխատանքի սկիզբն է եւ դրանով դեռեւս ոչնինչ չի ավարտվում: Ես համոզված եմ, որ ապրիլի 9-ից հետո ձեւավորվելիք կոալիցիան ի վիճակի կլինի լուրջ փոփոխություններ կատարել երկրի զարգացումն արագացնելու նպատակով: Առաջիկա տարիների կառավարության ծրագրում եւ իմ նախընտրական ծրագրում լուրջ փոփոխություններ են նախատեսված: Դրանք բավականին լուրջ ծրագրեր են, եւ եթե մեզ հաջողվի իրականացնել դրանք, դա էլ կլինի փոփոխությունների լավագույն արդյունքը»,-ընդգծել է վարչապետը: Նա նաեւ ասել է, որ կադրային փոփոխություններ նոր կառավարությունում, անկասկած, կլինեն, սակայն դա չի նշանակում, որ փոխվելու է ամեն ինչ:



Հայաստանի նորընտիր նախագահը նշել է նաեւ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում չեն լինի: «Ես չեմ կարծում, որ ընտրությունները կարող են արմատապես բարելավել իրավիճակը, հակառակը, դրանք լրացուցիչ լարվածություն են առաջացնում»,-ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը:
 Ուշագրավ
---