WWF-ի Գերմանիայի գրասենյակի ֆինանսավորմամբ Իրանից ՀՀ ազնվացեղ եղջերուներ կբերվեն

WWF-ի Գերմանիայի գրասենյակի ֆինանսավորմամբ Իրանից ՀՀ ազնվացեղ եղջերուներ կբերվեն

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակության փետրվարի 27-ին Երևանում տեղի ունեցած հանդիպման առանցքում ջրային ռեսուրսների կառավարման հարցերն են եղել: Մասնավորապես, քննարկվել է Արաքս գետի ջրի որակին, գետի աղտոտման կանխարգելման, մոնիթորինգի իրականացման խնդիրներին վերաբերող հարցերի շրջանակ: Հատկանշվել է խնդիրների լուծման ուղղությամբ համակարգային աշխատանքների իրականացումը:

Նախարար Մինասյանը կարևորել է նաև Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Գերմանիայի գրասենյակի կողմից ֆինանսավորվող Հայաստանում ազնվացեղ եղջերուի վերականգնման ծրագիրը, որի շրջանակներում պայմանավորվածություն կա ԻԻՀ շրջակա միջավայրի վարչության հետ՝ ազնվացեղ եղջերուի 4 առանձնյակի ձեռք բերման վերաբերյալ: Նախարարը նշել է , որ ի պատասխան՝ WWF-Գերմանիայի գրասենյակն իրանական կողմին կտրամադրի տեխնիկական աջակցություն՝ անհրաժեշտ սարքավորումներ ԲՀՊՏ-ներում խոշոր կաթնասունների մոնիտորինգի իրականացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԻԻՀ և ՀՀ ընդհանուր սահմանում «Բարեկամության և խաղաղության այգի» հիմնելու ծրագրին, ԻԻՀ «Դիզմար» պահպանվող տարածքի և ՀՀ «Արևիք» ազգային պարկի սահմանային գոտում մշտադիտարկման աշխատանքներին, էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությանը, հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ավարտին կողմերը կրկին ընդգծել են առարկայական և կոնկրետ, կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների իրականացման անհրաժեշտությունը՝ հավաստելով համագործակցության զարգացման պատրաստակամությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---