Սերժ Սարգսյան. Ես պատասխանատվություն եմ կրում Երեւանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների համար: «Եթե մենք չկարողացանք կանխել այդ իրադարձությունները, ապա որոշակի պատասխանատվություն ենք կրում նաեւ մենք: Սակայն այսօր առաջին հերթին հարկավոր է մտածել հետեւանքները վերացնելու մասին, այլ ոչ թե յուրաքանչյուրի մեղքի բաժնի մասին: Կհետաքննվեն բոլոր փաստերն ու հանգամանքները: Բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն, իսկ անմեղները չեն տուժի»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում` պատասխանելով հանրապետության բնակչության հարցերին:



Հայաստանի վարչապետը հավաստիացրել է, որ իշխանությունները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները, խուսափելու համար ընդհարումից ընդդիմադիր ուժերի հետ, սակայն ընդդիմությունն ի սկզբանե պատրաստվել էր նման բախումների: Հակառակ դեպքում նախապես պատրաստված չէին լինի այդ քանակությամբ մահակներ, չէին խոչընդոտի զենքի առկայության ստուգմանը Ազատության հրապարակում: Ըստ Սերժ Սարգսյանի, ցույցի կազմակերպիչները խուճապի մատնվեցին, երբ նախագահության մյուս թեկնածուները ընդունեցին վարչապետի համագործակցության վերաբերյալ առաջարկը:



Նա նաեւ հերքեց լուրերն այն մասին թե իրավապահ մարմինների ներկայացուցիչները առաջարկել են հանրահավաքն անցկացնել «Դինամո» մարզադաշտում կամ կայարանամերձ հրապարակում: «Փաստագրական կադրերում երեւում է, որ ընդդիմությանն առաջարկել են հանրահավաքը շարունակել Մատենադարանի մոտ, սակայն դրան ցույցի ոչ բոլոր մասնակիցները համաձայնվեցին, քանի որ այդ պահին Լեւոն Տեր-Պետրոսյանից արդեն հրահանգ էր ստացվել մնալ Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, ամրանալ այնտեղ: Եվ մարդիկ սկսել են բարիկադներ կառուցել, շրջել ավոտբուսներ եւ տրոլեյբուսներ»,-նշել է Սերժ Սարգսյանը:



Մեկնաբանելով Երեւանում անկարգությունների ժամանակ զոհերի ավելի մեծ քանակի մասին լուրերը` վարչապետը նշել է, որ հնարավոր չէ թաքցնել զոհերի իրական թիվը: «Զոհվել է ութ մարդ, դա չափազանց շատ է, նույնիսկ մեկ զոհն` արդեն իսկ շատ է: Վիրավորվել են իրավապահ մարմինների շուրջ 200 ներկայացուցիչներ եւ 50 քաղաքացիական անձիք: Իսկ ոստիկանությունը ցուցարարների դեմ զենք չի կիրառել»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
---