ՍԱՊԾ-ն կուսումնասիրի ձկնաբուծարաններում օգտագործվող կերը և ջուրը

ՍԱՊԾ-ն կուսումնասիրի ձկնաբուծարաններում օգտագործվող կերը և ջուրը

PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) կուսումնասիրի ձկնաբուծարաններում օգտագործվող կերը և ջուրը: ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը ընդգծել է, ծառայությունն այցերի միջոցով կփորձի տեղում հասկանալ ոլորտի հիմնախնդիրները, տնտեսվարողներին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:

Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները և ձկնաբուծության միության նախագահը:

Նշվել է, որ թեև տնտեսվարողներից շատերը համագործակցում են ԵՄ հեղինակավոր ընկերությունների հետ և կերը ձեռք բերում նրանցից, բայց հնարավոր են դեպքեր, երբ փոխադրման ընթացքում կերը կորցնի իր պիտանելիությունը և փորձաքննության ժամանակ ի հայտ գան շեղումներ ՀՀ-ում գործող իրավական նորմերի նկատմամբ:

Մասնագետները կարևոր են համարում նաև ուշադրություն դարձնել ջրին, որում բուծվում են ձկները. ջրի անվտանգության ցուցանիշների շեղումները կարող են նաև ձկան մեջ շեղումների պատճառ դառնալ:

«Առաջիկայում ձկնաբուծական տնտեսություններում անասնահամաճարակային մշտադիտարկումներ կիրականացվեն: Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի շեղումներով ձուկը չշրջանառվի Հայաստանի Հանրապետության տարածքում: Միասին կգտնենք և կվերացնենք հնարավոր թերությունները: Սա շահավետ է նաև այն տնտեսվարողների համար, ովքեր համապատասխան ծավալներ ունեն և հետաքրքրված են ներկայացնելու իրենց արտադրանքը թե՛ ԵԱՏՄ շուկայում, թե՛ ԵՄ շուկայում՝ մոտ ապագայում այն բացելուց հետո»,- հանդիպման ժամանակ ընդգծել է ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Ուսումնասիրության արդյունքում տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շրջայցերի ընթացքում նմուշառում վերցնել օգտագործվող ձկան կերից և ջրավազանների ջրից: Ոլորտի պատասխանատուների խոսքերով՝ մշտադիտարկումները և խորհրդատվությունը ոլորտում պարբերաբար են լինելու, հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

2017 թվականին նախորդ տարվա համեմատ ձկնամթերքի, այդ թվում` խավիարի արտահանման ծավալներն աճել են, միաժամանակ արտաքին շուկայում հայկական արտադրանքի պահանջարկի ավելացման հաշվին նախադրյալներ են ստեղծվում տեղական ձկնամթերքի արտադրության ծավալների ավելացման համար:

Ավելի վաղ պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել է 21,8 հեկտար հողամաս։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---