Վահան Տեր-Ղևոնդյանը՝ Մատենադարանի տնօրեն

Վահան Տեր-Ղևոնդյանը՝ Մատենադարանի տնօրեն

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին՝ ժամը 11:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքում կայացել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության հարցը:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Մատենադարանի տնօրեն միաձայն ընտրվել է պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը:

Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում: Դիմում էր ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։

Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել Մատենադարանի զարգացման իր հնգամյա ծրագիրը, պատասխանել է հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին:

Վահան Տեր-Ղևոնդյանը երկար տարիներ աշխատել է ԱԳՆ համակարգում, 2012-ից եղել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ձեռագրերի նկարագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ, 2014.-ից Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար (համատեղելով բաժնի վարիչի պաշտոնը): 2016 թ. սեպտեմբերից Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար: 2008 թ. ցայսօր համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ որպես ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող:

Հեղինակ է երկու մենագրության (որոնցից առաջինը թարգմանվել է նաև ֆրանսերեն և արաբերեն), քսանհինգ գիտական հոդվածների (հրատարակված Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Լիբանանում), կազմել և հրատարակել է պատմագիտական ու աղբյուրագիտական բնույթի ևս վեց այլ գրքեր:

Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի և արաբերենի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---