Ազնավուրը կարևորել է շփման գծում հետաքննության մեխանիզմների ձևավորումը

Ազնավուրը կարևորել է շփման գծում հետաքննության մեխանիզմների ձևավորումը

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակի կողմից հրատարակվող UN Special ամսագրի մարտյան համարում լույս է տեսել Շվեյցարիայում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի ընդարձակ հարցազրույցը, որը կրում է «Առանձնահատուկ երեկո Վիկոտրիա հոլ սրահում» (An extraordinary evening at Victoria hall) խորագիրը` նվիրված ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ 2017թ․նոյեմբերի 24-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված մեծ համերգին:

Հարցազրույցում զգալի տեղ է հատկացված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին գագաթնաժողովը Շվեյցարիայում հյուրընկալելուն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ հրամայականներին՝ կարևորելով զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ 1994թ․ և 1995թ․ ստորագրված եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանումը։ Այս կապակցությամբ, Ազնավուրն ընդգծել է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հետաքննության մեխանիզմների ձևավորման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը չի խոչընդոտի համանախագահների կողմից առաջարկված այս մեխանիզմների հաստատմանը։

Հարցազրույցում դեսպան Ազնավուրն անդրադարձել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության կարևորությանը և կազմակերպության շրջանակներում Հայաստանի հանձնառությանը` իր մասնակցությունը բերելու համընդհանուր արժեքների վրա հիմնված համերաշխ և խաղաղ ապագա կերտելու միջազգային հանրության ջանքերին։ Շվեյցարիայում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածության մասին ՄԱԿ-ում և նրա գործակալությունների շրջանակներում ամենատարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքներին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի մասնակցությանը ՄԱԿ կանխարգելման օրակարգին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2015թ․ Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևին, որը ցեղասպանությունը դատապարտում է որպես մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություն։

Դեսպան Ազնավուրը ներկայացրել է նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունները, հայ-շվեյցարական դարավոր բարեկամության և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև իրականացվող ակտիվ համագործակցությունը:

ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև 2018թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, որը «հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ միջոցառումը»։

UN Special ամսագիրը ՄԱԿ ժնևյան գրասենյակի կողմից անգլերեն լեզվով տպագրվող ամսագիր է, որը հանդիսանում է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակին կից հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և Ժնևում գտնվող ՄԱԿ գործակալությունների աշխատակիցների շրջանակներում ամենաընթերցվող և մեծ հեղինակություն վայելող ամսագիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---