ՀՀ-ում 1622 աղբանոց է մաքրվել մեկ տարում

ՀՀ-ում 1622 աղբանոց է մաքրվել մեկ տարում

PanARMENIAN.Net - 2018 թվականի մարտ ամսվա դրությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում Հայաստանում արձանագրված 2031 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել է 1622-ը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին գործադիրի մարտի 29-ի նիստին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դեռևս փակման է ենթակա 108 աղբանոց:

Վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին 10-օրյա ժամկետում մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում նոր գործողությունների ծրագիր` սահմանելով հստակ ժամանակացույց և ըստ ոլորտի գործողությունների պատասխանատուներ, միաժամանակ ընդգրկելով հնարավոր բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությունն ու օժանդակությունը։

«Ծրագիրը մշակելիս նախատեսել, որ իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հունիսի 1-ը և թերությունների դեպքում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Հարկավոր է նախատեսել նաև տարվա կտրվածքով 4 շաբաթօրյակների կազմակերպման գրաֆիկ, ինչպես նաև հատկապես ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապետական միջոցառումներին, զբոսաշրջային ուղղություններին, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքները մաքուր պահելու գործողություններին»,-ասել է վարչապետը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---