Forest նախագիծն արկածային հանգիստ կառաջարկի բնության գրկում

Forest նախագիծն արկածային հանգիստ կառաջարկի բնության գրկում

PanARMENIAN.Net - Դիլիջանում նոր նախաձեռնություն է մեկնարկում, որն ընտանիքներին առաջարկում է հետաքրքիր և արկածային հանգիստ բնության գրկում:«Դիլիջան անտառը» (Forest Dilijan™) «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի առաջին նման նախագիծն է:

Forest-ը պահպանելու է շուրջ 11 հեկտար զբաղեցնող տարածքի բնական գեղեցկությունն ու ամբողջականությունը, որը ձգվում է Դիլիջանի կենտրոնից մինչև բարձրադիր վայրեր:

Forest Dilijan ™-ը նախատեսված է ընտանեկան հանգստի համար, որտեղ այցելուները կարող են զբոսնել,գիշերակացով արշավ կազմակերպել և բնության գրկում վայելել իրենց հանգիստը՝ առանց վնասելու շրջապատող ծառերն ու միջավայրը:

Forest-ը նախատեսում է աջակցել Դիլիջանի համայնքում զբոսաշրջության զարգացմանը, որը Հովնանյան Ինթերնեյշնլի երկարաժամկետ նպատակներից է, ինչպես նաև խթանել տնտեսական ակտիվությունը: FOREST –ի նպատակն է նաև ընթացիկ գործողություններում ներգրավել համայնքի ուսումնական հաստատություններում սովորող երիտասարդներին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Forest-ը միտված է հնարավորինս ավելի կայուն միջավայր ստեղծել՝ օգտագործելով այդ թվում և տարածքում առկա արևային, քամու էներգիան և ջրի պաշարներով աշխատող վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները, որոնք կաշխատեն էլեկտրական ընդհանուր ցանցից անկախ:

Նախագիծը կղեկավարի «Հովնանյան Ինթերնեյշնլի» փորձառու թիմը, իսկ տեղում այն կհամակարգի ճարտարապետ Հովհաննես Զարդարյանը:

Forest-ի ստեղծման գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ, երբ Հովնանյան Ինթերնեյշնլի կողմից պլանավորված և հաստատված հանգստի վայրի կառուցումը կանգ առավ՝ պայմանավորված բնապահպանական ակտիվիստների պահանջով:Forest-ի նախագիծը հավատարիմ է Դիլիջանի բնական տարածքը պահպանելու և չվնասելու հանձնառությանը: Վերանայված նախագիծը ղեկավարում է Հովնանյան Ինթերնեյշնլի հաջորդ սերունդը, որը ղեկավարում է նաև ընկերության աշխատակազմը: Այն համահունչ է փոփոխվող ժողովրդագրության և կայունության ապահովման միջազգային միտումներին:

«Հովնանյան Ինթերնեյշնլը» հրավիրում է Դիլիջանի համայնքի անդամներին և բոլոր շահագրգիռ կողմերին նախագծի նախնական մեկնարկի միջոցառմանը, որը տեղի կունենա Երկրի օրը՝ ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Forest Dilijan™ -ի տարածքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---