Քաղաքացիների համար պետմարմիններ դիմում ներկայացնելու առցանց հարթակ կստեղծվի

Քաղաքացիների համար պետմարմիններ  դիմում ներկայացնելու առցանց հարթակ կստեղծվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է էլեկտրոնային հարցումների միասնական համակարգ ներդնել, որը քաղաքացիներին թույլ կտա առցանց եղանակով ուղարկել դիմում, հարցում կամ բողոք և դրանց պատասխանները ևս ստանալ առցանց եղանակով: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Ներկայումս քաղաքացիներն իրենց հարցումները, դիմումները կամ բողոքները ներկայացնում են պետական և ՏԻՄ մարմիններ երկու տարբերակով՝ գրավոր կամ բանավոր: Գրավորի դեպքում քաղաքացին ուղարկում է համապատասխան պետական մարմնի էլեկտրոնային փոստի հասցեով կամ անձամբ է ներկայացնում տվյալ պետական մարմին, ինչի համար ստիպված է լինում ավելորդ ժամանակ և ռեսուրս ծախսել:

Նշվում է, որ հարթակը կնպաստի պետական մարմինների գործառույթների իրականացման թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացվող թղթային փաստաթղթերի ծավալի էական նվազեցմանը:

Որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետք կապահովեն հարթակի հղման տեղադրումը իրենց պաշտոնական կայքէջերում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---