Քրգործ է հարուցվել Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի առնչությամբ

Քրգործ է հարուցվել Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի առնչությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ապրիլի 17-ի ուշ երեկոյան Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների գործողությունների կապակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշումն անտեսելով, շարունակել են հակաիրավական գործողությունները:

«Ապրիլի 17-ի երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքից և երթից հետո հավաքի շուրջ 60-70 մասնակիցները Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում, վրդովված նույն տարածքում մաքրման աշխատանքներ կատարող «Սանիտեք» ՍՊ ընկերության աշխատակիցների գործողություններից, խաթարելով ավտոտրանսպորտային երթևեկությունը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ՝ կոտրել են խաչմերուկի տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները, և ճանապարհային նշանները:

Այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ են հասցրել նշված վայրին մոտեցած ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներին` պատճառելով գույքային վնաս: Բացի դրանից՝ նրանց կողմից բռնություն է գործադրվել ոստիկանների նկատմամբ, միաժամանակ առկա են առերևույթ տվյալներ զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից բռնության կիրառմամբ տարածքում իրենց մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նկատի ունենալով, որ առերևույթ առկա են քաղաքացիների ու հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները խախտող իրադարձության՝ բռնությամբ, գույքի վնասմամբ զուգորդված հասարակական անվտանգությունը վտանգող՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու, անմիջականորեն ղեկավարելու և զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու, գույք վնասելու հատկանիշներ՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:

Ոստիկանությանը հանձնարարվել է դեպքի բոլոր մասնակիցներին ներկայացնել նախաքննությունն իրականացնող մարմնին - ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցված քրեական գործը։Դեպքի վայրի զննությամբ վերցվել են կոտրված ցուցանակներ, ճանապարհային նշաններ:

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները, այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---