Ոստիկանություն. Բեռնատարների թափքից իջեցրեք անչափահասներին

Ոստիկանություն. Բեռնատարների թափքից իջեցրեք անչափահասներին

PanARMENIAN.Net - Երևանում հանրահավաքի որոշ վայրերում, մասնավորապես` Հանրապետության հրապարակում, երթևեկում են բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում քաղաքացիների խմբեր կան, որոնց մեջ զգալի թիվ են կազմում անչափահասները: Այդ մասին ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ ցուցարարների այդպիսի գործողություններն ուղևորափոխադրման կանոնների կոպիտ խախտում լինելուց զատ, ուղղակիորեն վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը:

«Մարդաշատ վայրում ծանրաքաշ ու մեծ ծավալով բեռնատարների երթևեկն ինքնին վտանգավոր է, իսկ երբ թափքում մարդկանց մեծ խմբեր կան, վտանգը բազմապատկվում է, հատկապես անչափահասների համար, որոնք հաճախ չեն գիտակցում, թե ինչպիսի ողբերգությամբ կարող են ավարտվել նման իրավիճակները:

Բեռնատար մեքենաներով գործողության կազմակերպիչներին կոչ ենք անում մարդկանց և առաջին հերթին անչափասներին իջեցնել թափքերից, մարդաշատ տարածքներից անհապաղ հեռացնել բեռնատար մեքենաները և այսուհետ ձեռնպահ մնալ այդ կարգի վտանգավոր և անկանխատեսելի գործողություններից»,-ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 1-ին տեղի է ունեցել ԱԺ հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր երկրի վարչապետը: Միակ թեկնածուն ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն, դեմ քվեարկեց Փաշինյանին: Նրան կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 56:

Բողոքելով ԱԺ-ում քվեարկության արդյունքների դեմ՝ մայիսի 2-ի առավոտյան ցուցարարները փակել են Երևանի փողոցներն ու մայրուղիները: Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---