2017-ին ՏՀՏ ոլորտի ծավալը 2016-ի հանդեպ աճել է 5,3%-ով, այդ թվում ՏՏ-ինը՝ 29,6%-ով

2017-ին ՏՀՏ ոլորտի ծավալը 2016-ի հանդեպ աճել է 5,3%-ով, այդ թվում ՏՏ-ինը՝ 29,6%-ով

PanARMENIAN.Net - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ամփոփել է վերջին 19 ամսում որոլտի հիմնական ձեռքբերումները: ՀՀ կառավարության գործունեության ծրագրին համապատասխան՝ խնդիր էր դրվել ՏՀՏ մասնավոր հատվածի համար ստեղծել լավագույն պայմանները` իրենց հավակնոտ գաղափարներն իրագործելու համար: 2017թ.ստեղծված 281 նորաստեղծ ընկերության տրամադրվել է հարկային արտոնությունների հավաստագիր:

ՏՀՏ ոլորտը խթանելու և թիրախային շուկաներում 16 ներկայացուցչական գրասենյակ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը՝ ի դեմս նախարարության, մասնավոր հատվածի հետ ստորագրել է 3 մլն դոլարի ներդրում կատարելու և աշխարհի տարբեր երկրներում ներկայացուցչական 16 գրասենյակներ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բոլիվիայում, Գերմանիայում, ՌԴ-ում, Նիդերլանդներում և Ֆրանսիայում բացվել է ներկայացուցչական 7 գրասենյակ:

Զեկույցում նշվում է, որ Երևանում և ՀՀ մարզերում հեռուստատեսության թվայնացման մակարդակը 2017թ. կազմել է 100 տոկոս, համացանցից օգտվողների (բաժանորդների) թվի տարեկան աճը կազմել է 10-15 տոկոս:

2017թ. ՏՀՏ բնագավառի ծավալը 2016 թվականի նկատմամբ աճել է 5,3%-ով և կազմել 233,8 մլրդ դրամ, այդ թվում՝ ՏՏ ոլորտի ծավալն աճել է 29,6%-ով և կազմել շուրջ 76 մլրդ դրամ:

ՏՏ ընկերությունների թիվը հասել է գրեթե 800-ի, իսկ ՏՀՏ ընկերությունների աշխատատեղերի թիվը գերազանցել է 15000-ը։

ՏՏ ընկերությունների արտահանման ծավալները կազմել են 57,8 մլրդ դրամ՝ 2016-ի համեմատ ապահովելով 27.1% աճ, ընդ որում՝ արտահանումն ունեցել է հետևյալ կառուցվածքը՝ ԱՄՆ և Կանադա՝ 36,4%, Եվրոպա՝ 28,4%, Ռուսաստան և ԱՊՀ երկրներ՝ 15,4%:

Վերջին երեք տարիների ընթացքում ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտում գրանցվում էր ծավալների անկում: Համեմատած 2017-ի առաջին կիսամյակի տվյալների՝ 2018թ-ի առաջին եռամսյակի ցուցանիշներով գրանցվել է 2.5 % աճ:

Մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար մոտ 200.000 դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել ստարտափներին:

ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման նպատակով նախարարությունը «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ համատեղ իրականացրեց դրամաշնորհային ծրագիր: Հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած 30 թիմից ընտրվեց 2-ը՝ AR magic և Web Pro by Game նախագծերը: Նրանցից յուրաքանչյուրը 10 մլն դրամի չափով ֆինանսական ներդրում ստացավ ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար:

2017թ. հայտարարվեց STEP «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը, որի 2-րդ փուլ անցած 14 կազմակերպություններ ներկայացրին իրենց ծրագրերը: Հանձնաժողովը հաղթող ճանաչեց 5 ծրագիր՝ յուրաքանչյուրին տրամադրելով 2,8 մլն դրամ դրամաշնորհ:

Ուշադրության են արժանի նաև սկսնակ կազմակերպություններին սատարելու և խրախուսելու նպատակով նախարարության իրականացրած ՏՏ ոլորտի խթանման 343.3 մլն դրամ արժեքով 3 ծրագիր՝ «ՏՏ ոլորտի խթանման ծառայություններ», «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացում» և «2019թ. ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպում»: Դրանից բացի, ևս 15 ծրագիր իրականացվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները խթանելու և աջակցելու նպատակով:

Միջազգային շուկայում ՏՏ ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու նպատակով հայկական պատվիրակությունները տարբեր կազմերով մասնակցել են միջազգային մի շարք կարևորագույն միջոցառումների: Մասնավորապես, 2017թ. փետրվարին նախարարի գլխավորած պատվիրակությունները մասնակցել են Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին (մասնակցել են նաև 15 հայկական մասնավոր ընկերություններ), ինչպես նաև Իսպանիայի Թագավորությունում անցկացված GMSA շարժական աշխարհի համաշխարհային կոնգրեսում ներկայացվել է «Զանգի» հավելվածը, իսկ նախարարական ծրագրում ներկայացվել են մի շարք այլ նախագծեր:

Որպես ոլորտի զարգացմանն ուղղված մեկնարկային քայլ` Նյու Յորքում «Նեյշնլ-Ինստրումենտս» ընկերության հետ ստորագրվել է «Ինժեներական քաղաք» ծրագրի մեկնարկի վերաբերյալ հուշագիրը, որն ուղղված է Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն դարձնելուն:

2017-ին ներդրված «Մեկ պատուհան» համակարգը հնարավորություն տվեց ռադիոէլեկտրոնային միջոցների ներկրման լիցենզիաները և դրանց վերաբերյալ պարզաբանումները տրամադրել բացառապես առցանց եղանակով, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---