Թանկյանը երգել է «Բարի արագիլից» հատված, Փաշինյանը՝ մայիսի 8-ը հայտարարել ոչ աշխատանքային

Թանկյանը երգել է «Բարի արագիլից» հատված, Փաշինյանը՝ մայիսի 8-ը հայտարարել ոչ աշխատանքային

PanARMENIAN.Net - Ընդդիմության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկոյան ժամը 20։05-ին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանին, որի հետ միասին, քաղաքացիների ուղեկցությամբ, ուղևորվեցին Հանրապետության Հրապարակ։ Ճանապարհի մի մասը նրանք անցան ոտքով՝ ընթացքում Փաշինյանի ու Թանկյանի դիմանկարներով երկու տորթ կտրելով ու Արգավանդի բնակիչների հետ բաժակ բարձրացնելով։

Հասնելով Հանրապետության հրապարակ՝ Թանկյանը կարճ ելույթ ունեցավ՝ խոստովանելով, որ չափազանց հուզված է, ինչին ի պատասխան հավաքվածները վանկարկում էին․ «դուխով, դուխով»։

«Կներեք, որ ֆիզիկապես ուշացա այս գեղեցիկ հեղափոխությունից, բայց հավատացեք՝ վերջին երկու շաբաթը հոգեպես այստեղ էի, ինչպես և ամբողջ սփյուռքահայությունը։ Շնորհակալ եմ ձեզնից, սիրելի ժողովուրդ, որ կարողացաք խաղաղ ցույցերով ստեղծել հայ ազգի համար պարծանքի արժանի հայրենիք․․․․

Այս հեղափոխության միտքը դիմադրությունն էր, իսկ սիրտը՝ սերը։ Դուք նախ հաղթահարեցիք ձեր վախը՝ գտնելով ուժ ձեր միասնության մեջ։ Տարիներով երազում էի այս օրվա մասին և հիմա լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով», - ասաց Թանկյանը։

Նա նշեց, որ եկել է աջակցելու երազանքների հայրենիք կերտելու գործում ու շնորհավորելու արդյունավետ պայքար տանելու համար։

«Գործը նոր է սկսելու, համբերության ժամանակն է գալիս, քանի որ արդարության ճամփան մի քանի հաղթանակով չի կերտվում», - ասաց Թանկյանն ու երգեց. «Բարի արագիլ, բախտի արագիլ, արագիլ գարնան, արագիլ ամռան, Բույն հյուսիր ծառին, Բարդու կատարին․․․»

Վարաչպետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ արդեն լրացել է վարչապետի ընտրությունների երկրորդ փուլի թեկնածուների առաջադրման ժամկետը։

«Միակ թեկնածուին դուք եք առաջադրել», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պաշտոնական հավաստիացում է ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին վաղը քվեարկելու են ՀՅԴ-ն, ԵԼՔ-ը, «Ծառուկյան» դաշինքն ու ՀՀԿ մի խումբ պատգամավորներ․

«Այսինքն ունենք 95 տոկոս հավաստիացում, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի թեկնածուն նաև ասաց, որ մայիսի 8-ը հայտարարում է ոչ աշխատանքային։

«Վաղը՝ ժամը 11։00-ին, հավաքվաում եք Հանարպետության հրապարակում՝ միասին նշելու հաղթանակը», - ասաց Փաշինյանը եզրափակելով․ «կեցցեն մեր երեխաները, կեցցենք մենք, որ ապրում ենք ազատ ու երջանիկ Հայաստանում»։

Փաշինյանը նաև ասաց, որ ճանապարհին Թանկյանին համոզում էր մշտական բնակության տեղափոխվել Հայաստան, և նա խոստացավ, որ կմտածի այդ ուղղությամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---