Սէֆիլյանն ու Ավետիսյանը՝ վարչապետին. «Տպավորություն է, որ լվացել եք Ձեր ձեռքերը»

Սէֆիլյանն ու Ավետիսյանը՝ վարչապետին. «Տպավորություն է, որ լվացել եք Ձեր ձեռքերը»

PanARMENIAN.Net - «Նոր Հայաստան» ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը «Սասնա ծռերի» անունից նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:

Նամակում մասնավորապես ասվում է. «Քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Սասնա ծռերի», բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով: Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը: Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքի գերակայությանը: Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք և պարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում և դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու և դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար: Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների հոգևոր ու բարոյական վերափոխման հրաշքին: Դրա հետևանքով առաջացած տարակուսելի անորոշությունն է պատճառը, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ալգորթիմը»:

Նամակում ասվում է, որ նրա պահանջը ոչ միայն արդարացի է, այլև նպաստում է հեղափոխությանը և օգնում է հեղափոխական կառավարությանը՝ «Նոր Հայաստանը մեկընդմիշտ ձերբազատելով քաղբանտարկյալների առկայության անպատվաբեր խարանից»:

«Մեկ ամսվա հացադուլն, ի դեպ, մարդու օրգանիզմի համար կրիտիկական սահմանին մոտ վիճակ է առաջացնում: Հուսով ենք, որ քայլ կանենք և կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը», ասվում է նամակում:

Amnesty International կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Լևան Ասաթիանին, անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին, ասել է. «Երբ անդրադառնում ենք Երևանում ոստիկանության զորամասի գրավման դեպքին («Սասնա ծռերի»), ապա Amnesty International-ը չի կարող այդ անձանց որակել որպես խղճի բանտարկյալներ, քանի որ արձանագրվել է բռնության կիրառման դեպք»:

Մայիսի 15-ին Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է մեղադրյալների փաստաբանների միջնորդությունը խմբի 10 անդամների խափանման միջոցը փոխելու մասին, որին հաջորդեցին նրանց կողմնակիցների բողոքի ցույցերը: «Սասնա ծռերի» գործով մեղադրյալների կողմնակիցներն ու հարազատները փակեցին Արշակունյաց պողոտայի մի հատվածը: Մայիսի 17-ին, նրանք արձագանքեցին վարչապետ Փաշինյանի կոչին, և բացեցին փողոցը:

«Սասնա ծռերի» գործով հաջորդ նիստը մայիսի 23-ին է:Գործի շրջանակում մեղադրյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդուարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---