60 ընդերքօգտագործողի՝ մոտ 300 մլն դրամի պետտուրք չվճարելու փաստեր են հայտնաբերվել

60 ընդերքօգտագործողի՝ մոտ 300 մլն դրամի պետտուրք չվճարելու փաստեր են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և ՊԵԿ-ում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պետական տուրքի վճարման գծով օրենքով սահմանված իրենց պարտավորությունը չի կատարել ընդհանուր 417 ընդերքօգտագործողից 60-ը՝ ընդհանուր մոտ 300 մլն դրամի չափով: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Նշված տնտեսվարող սուբյեկտներից 37-ը ճանաչվել են սնանկ, 3 տնտեսվարող սուբյեկտի սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննությունը գտնվում է ընթացքի մեջ, ևս 3 տնտեսվարող սուբյեկտ լուծարվել են՝ ունենալով պետական տուրքի վճարման գծով չկատարված պարտավորություններ:

«Չնայած, որ ինչպես Ընդերքի մասին օրենսգրքում, այնպես էլ ընդերքօգտագործման պայմանագրերում հստակ նշված է, որ ընդերքօգտագործողի կողմից օրենքով և պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում այդ սուբյեկտին տրվում է զգուշացում, որից հետո 90 օրվա մեջ խախտումը չվերացնելու դեպքում լուծվում է ընդերքօգտագործման պայմանագիրը, սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընդերքօգտագործման պայմանագրեր կնքած և պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկը չի զրկվել ընդերքօգտագործման թույլտվությունից»,- նշվում էդատախազության հաղորդագրության մեջ։

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը գրությամբ դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ դիրքորոշում ներկայացնելու, պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ անհարժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Ուսումնասիրությունները շարունակվում են:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---