ԱԳ նախարար. Փաշինյան-Ալիև հանդիպման հարցում պետք չէ շտապել

ԱԳ նախարար. Փաշինյան-Ալիև հանդիպման հարցում պետք չէ շտապել

PanARMENIAN.Net - Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցում պետք չէ շտապել՝ անմիջական շփումները կլինեն այն ժամանակ, երբ կհասնենք այդ պահին: Այդ մասին «Բանաձև» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, որոնք անմիջական դերակատարություն ունեն այդ գործընթացում և դա շարունկվելու է:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ է հանդիպելու:

«Հայկական կողմը նպատակաուղղված, հաշվարկած քայլերով շարունակում է այս գործընթացը: Անմիջական շփումները կլինեն այն ժամանակ, երբ հասնենք այդ պահին: Ես չեմ խոսում ամիսների մասին, ես խոսում եմ շաբաթների մասին: Մենք այդ գործընթացի մեջ ենք»,-ասել է նախարարը:

Նա հավելել է նաև, որ բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորտ:

«Մենք մտադիր ենք ներգրավված մնալ գործընթացի, բանակցությունների մեջ, մենք մտադիր ենք բանակցությունները վարել՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը հասնելու նպատակով: Մենք դա անելու ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Եվ որևէ գործողություն, որը խափանում է խաղաղությանն ուղղված միջավայրը, պետք է բացառվի»,-ասել է Մնացականյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում այդ մթնոլորտը, երբ Ադրբեջանի քայլերը, մասնավորապես, Նախիջևանյան դիրքերի ամրապնդումը, չեն նպաստում դրան:

«Դա մեկ օրինակ է: Դրան են վերաբերում նաև հայտարարությունները, որ պարբերաբար հնչում են Բաքվից, որոնց էությունը, բովանդակությունը վկայում է հակառակի մասին, վկայում է այն մասին, որ պահպանվում են նման ձևակերպումներ, նման հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն կարող գնահատվել` որպես խաղաղությանը միտված մթնոլորտին նպաստող: Սա մեզ համար շատ էական, շատ կարևոր հարց է բանակցային գործընթացի կոնտեքստում: Բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորտ: Չի կարող լինել մի բան, որը չի նպաստում նորմալ, բնականոն գործընթացին, որը չի նպաստում իրական խաղաղության հաստատմանը»,-ասել է Մնացականյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե կառաջարկվեն ինչ-որ նախապայմաններ Բաքվին, թե բանակցությունները կշարունակվեն այնտեղից, որտեղից կիսատ են մնացել՝ Մնացականյանն ասել է . «Գոյություն ունի գործընթաց: Մենք դա գնահատում ենք, մենք պատրաստվում ենք և մտադիր ենք անել այն, ինչ մինչ օրս արվել է, և դրա հիման վրա կառուցել գործընթացը: Մենք խոսել ենք շարունակականության մասին, խոսել ենք խաղաղ, բանակցությունների միջոցով կայուն խաղաղություն ապահովելու մասին»:

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---