Նախարարը պատասխանում է «Տաշիր»-ին․ ԲԷՑ պայմանագիրը «շատ նման էր» մասնավորեցման

Նախարարը պատասխանում է  «Տաշիր»-ին․ ԲԷՑ պայմանագիրը  «շատ նման էր» մասնավորեցման

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանել է Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը «Տաշիր գրուպ» ընկերության հավատարմագրային կառավարմանը հանձնելուց հրաժարվելու ՀՀ Կառավարության դիրքորոշումը։

Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է, որ ընկերության հետ նախորդ կառավարության կնքած պայմանագրի 1.2 կետով սահմանված է, որ «Տաշիր գրուպին» է հանձնվում ոչ թե «Բարձրավոլտ Էլեկրտացանցեր» ընկերության ընթացիկ կառավարումը, այլ բաժնետոմսերով հավաստված իրավունքները:

«Սա նշանակում է, որ, փաստորեն, պետությունը` իր ռազմավարական նշանակություն ունեցող գույքի սեփականության իրավունքները հանձնում է մասնավորին: Պայմանագրի 4.2 կետով հավատարմագրային կառավարման ժամկետ է սահմանվում 25 տարի: Վերոնշյալ երկու կետի բովանդակությունն ապացուցում է, որ հիշյալ հավատարմագրային կառավարման պայմանագիրը ավելի շատ նման է մասնավորեցման պայմանագրի, քանի որ 25 տարին բավական երկար ժամանակահատված է», - գրել է նախարարը՝ հավելելով, որ ԲԷՑ-ը ռազմավարական նշանակությունը պայմանավորված է ընկերության 16 ենթակայանով և մոտ 2000 կմ օդային գծով էներգետիկ համակարգի հիմքերը ստեղծող ընկերություն է, և «այսօրվա իրականության մեջ, երբ բաշխիչ ցանցերը` ի դեմս «Հայաստանի Էլեկրական Ցանցերի», մասնավորեցված են, պետությունը էներգոհամակարգի կառավարմանը մասնակցելու դե ֆակտո այլ լծակներ չունի, քան ԲԷՑ-ը պետական կառավարման ներքո պահելը»:

Ըստ նրա, միգուցե նախորդ իշխանությունների ժամանակաշրջանում արդարացված էր ծախսերի կրճատմանն ու արդյունավետ կառավարմանն ուղղված գործառույթները հանձնել մասնավորին, «սակայն սա նոր Հայաստանն է, որտեղ պետությունն ունի այդ կամքը աշխատանքում ներգրավել պրոֆեսիոնալների և իրականացնել օպտիմալ ու պրոֆեսիոնալ կառավարում, ինչը հնարավոր չէր նախորդ համակարգում:

Ավելի վաղ, ՀՀ կառավարության և «Տաշիր» ընկերության միջև Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վերաբերյալ կնքված պայմանագիրը չեղարկվել է: «Տաշիրը» քննադատել էր որոշումը, գրելով, որ պայմանագրով նախատեսվում էր, որ «Տաշիր Կապիտալի» կառավարումը հնարավորություն կընձեռի ԲԷՑ-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՀԷՑ ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ: Այդ երաշխիքների պարագայում պետությունն այլևս չի հանդիսանա ԲԷՑ ՓԲԸ-ի ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ներգրավվող վարկերի երաշխավոր, և այդ նպատակով պետական պարտք չի կուտակվի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---