«Լիդիան Արմենիա». Մեր աշխատանքին ապօրինի խոչընդոտումը հարվածում է երկրի տնտեսությանը

«Լիդիան Արմենիա». Մեր աշխատանքին ապօրինի խոչընդոտումը հարվածում է երկրի տնտեսությանը

PanARMENIAN.Net - Մոտ քսան մարդ արդեն երկրորդ օրն է փակել է Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները՝ ավելի քան 1450 աշխատակցի զրկելով իրենց օրինական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից և խոչընդոտելով երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի աշխատանքը:Այդ մասին ասվում է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հայտարարության մեջ:

«Նման սադրանքն ուղղված է ոչ միայն մեր ընկերության, այլև երկրի դեմ՝ խոչընդոտելով օրական մի քանի հարյուր հազար դոլարի ներդրումների մուտքը երկիր: Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբևէ նախագծված լավագույն ծրագիրն է»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ծրագիրը դեռևս չի շահագործվում և գտնվում է շինարարության փուլում, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է նպատակաուղղված և ֆինանսավորված հակաքարոզչություն՝ «բնապահպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող և կոռուպցիոն գործարքների մեջ չներգրավված միջազգային թափանցիկ ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակով»:

«Լիդիան Արմենիան» պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության և ցանկացած այլ չափանիշներով: Ընկերությունը վստահ է, որ օբյեկտիվ և պրոֆեսիոնալ չափանիշներով ցանկացած աուդիտ կապացուցի, որ Ամուլսարում կիրառվում են Հայաստանի համար աննախադեպ և միջազգային լավագույն չափանիշները: Ընկերության աշխատանքների ապօրինի խոչընդոտումն ուղղակի հարվածում է երկրի տնտեսությանը և հեղինակությանը: Ընկերությունն ակնկալում է խնդրի իրավաչափ և շուտափույթ լուծում», - ասվում է Հայկ Ալոյանի հայտարարության մեջ:

2018-ի փետրվարին համացանցում ստորագրահավաք է սկսվել Ամուլսարի հանքը շահագործելու դեմ։ Ստորագրահավաքի նախաձեռնողները ՀՀ կառավարությունից պահանջում էին, որպեսզի վերանայի բնապահպանական հիմնավոր գնահատում չանցած և օրենքի ակնհայտ խախտումներով տրված թույլտվությունները և անհապաղ դադարեցնի գործընթացը։

Մայիսի երկրորդ կեսին 4 օր շարունակ դեպի Ամուլսարի ոսկու հանք բարձրացող ճանապարհները փակ լինելուց հետո բացվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով:Ցուցարարները պահանջում էին փակել հանքը, չնայած, որ մեծ ներդրումներ են արվել: Նրանք պահանջում էին դադարեցնել Ամուլսարի տարածքում որևէ շինարարական աշխատանք և հրավիրել իրավաբանների, անկախ փորձագետների, ովքեր իրավական և բնապահպանական վերջնական գնահատական կտան հանքարդյունահանման ողջ գործընթացին:

Ամուլսարն ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն դոլար, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս 370 միլիոն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---