Մասիսի փոխքաղաքապետը կրկին ձերբակալվել է

Մասիսի փոխքաղաքապետը կրկին ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով հսկողություն իրականացնող դատախազը Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Հունիսի 5-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխաքաղաքապետ Կարեն Օհանյանիպաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում է կայացրել:

Պարզվել է, որ կոնկրետ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը դատարանին չի տրամադրել քրեական գործում առկա՝ երկու տեսագրությունների զննությունների մասին արձանագրությունները, տեսանյութերը, որոնք ուղղակիորեն հաստատում են մեղսագրված արարքին մեղադրյալ Օհանյանի առնչությունը: Իսկ դատարանի նշված որոշման հիշյալ հիմնավորումները և մեկնաբանությունները բացառապես պայմանավորված են եղել մեղադրյալ Կարեն Օհանյանի վերաբերյալ նախաքննության ընթացում ձեռք բերված ապացույցները դատարանի տրամադրության տակ չլինելով:

«Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև կալանավորման կիրառման հիմքերի առկայությունը՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը 2018թ. հունիսի 5-ին կրկին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ միաժամանակ դատարան ներկայացնելով հիմնավոր կասկածի առկայությունը հավաստող ապացույցները»,- հայտնել են դատախազությունից:

Ավելի վաղ, զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էին Դավիթ Համբարձումյանը և փոխաքաղաքապետ Կարեն Օհանյանը: Ավելի ուշ, դատարանը նրանց կալանավորելու միջնորդությունը մերժել էր և նրանք ազատ էին արձակվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---