ՊՆ խոսնակ. Առաջնագծում կրակոցների նվազեցումն ու զորքերի տեղաշարժը կարող են Ադրբեջանի ինչ-որ ծրագիր լինել

ՊՆ խոսնակ. Առաջնագծում կրակոցների նվազեցումն ու զորքերի տեղաշարժը կարող են Ադրբեջանի ինչ-որ ծրագիր լինել

PanARMENIAN.Net - Վերջին 1-1.5 տարում հակառակորդն առաջնագծում գրեթե չի կրակում՝ սա գումարած իր ակտիվ տեղաշարժերը, կարող է լինել Ադրբեջանի ինչ-որ ծրագիր։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այդ թեմայով կայացած քննարկման ժամանակ:

Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ սահմանին հակառակորդի ուժերի շարժի մասին իրենք հայտնել էին դեռ մարտ-ապրիլ ամիսներին, սակայն որոշ մարդկանց կողմից ահազանգը լուրջ չէր ընդունվում, հայտնում է Panorama.am-ը։

Անդրադառնալով Նախիջևանում վերջին շրջանում կատարվող իրադարձություններին՝ նա ասել է, որ Նախիջևանում տեղի չի ունեցել որևէ մի բան, որը առաջնագծում ընդհանրապես չկար:

«Զուտ ռազմական տեսանկյունից Նախիջևանում կատարվում է այն, ինչ կատարվել է 10 տարի առաջ Տավուշի հատվածում կամ 20 տարի առաջ Արցախի հատվածում: Այսինքն՝ միջդիրքային տարածությունները, կղզիացած բլոկպոստային սկզբունքով դրված դիրքերն ուղղակի ուրվագծային փոփոխություն են կրում։ Փորձում են իրար մոտեցնել, ավելի շահեկան դիրքեր դնել, ինչն, իհարկե, մեծացնում է ռիսկը, որ մեկ դիրքից մյուս դիրք հրաձգային զենքով կարելի է հասանելի դառնալ։ Դա իր հերթին մեծացնում է որոշակի լարվածություն, բայց ի վերջո ցանկացած զինվորականի համար ավելի կանխատեսելի ու ստաբիլ է դարձնում պաշտպանական բնագծի ուրվագիծը»,- ասել է բանախոսը։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, սակայն, այնպես չէ, որ հայկական կողմը «պասիվ քնած է եղել»։ Նա թեև չի ցանկացել մանրամասներ ներկայացնել, սակայն հավաստիացրել է, որ առաջին հերթին հայկական կողմն է ամրապնդել իր դիրքերը։

«Սա պրոցես է, որը խրամատային լոգիկայի մեջ նորմալ է։ Այլ հարց է, թե դա ինչպես է ներկայացվում, քաղաքական ինչ պահերի է օգտագործվում։ Իհարկե, դա բերել է կրակոցների ավելացման։ Դա ինչ-որ ահազանգ է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Ադրբեջանը միգուցե ռազմավարական խնդիր է դրել, որ Նախիջևանի բնակչության ատելությունն ու լարվածության աստիճանը հավասարեցնի մյուս շրջաններին։ Հաշվի առնելով Նախիջևանի ուղղության կարևորությունը Երևանի համար՝ մենք ամրացրել, ամրացնում և ամրացնելու ենք մեր անվտանգությունն ու պաշտպանությունը»- հավաստիացրել է ՊՆ խոսնակը։

«Ասել, որ հակառակորդը հիմար է, միամտություն կլիներ։ Պարզ է, որ մեր քայլերը ևս ջղաձգում են նրան։ Այնպես չէ, որ այնտեղ չեն վախենում մեր քայլերից։ Ի վերջո մենք ևս շատ լավ սպառազինված ենք և ունենք մեր ծրագրերը։ Վերջին շրջանում հակառակորդն առաջնագծում գրեթե չի կրակում։ Սա գումարած իր ակտիվ տեղաշարժերը, կարող է լինել ինչ-որ ծրագիր։ Ես չեմ կարող շատ փակագծեր բացել։ Եթե նայենք դիմացինի ուշադրությունը բթացնելու տեսանկյունից, եթե նայենք սեփական զորքերը մարզելու տեսանկյունից, սրանք կոնկրետ քայլեր են»,- ասել է բանախոսը։

ՊՆ մամուլի խոսնակի համոզմամբ, սխալ կլինի պնդել, որ այսօր պատերազմի վերասկսման հավանականությունն ավելի մեծ է, քան երեկ կամ մեկ ամիս առաջ։ Մյուս կողմից, հակառակորդը կարող է ընդամենը լոկալ լարում առաջացնել, ինչի համար առաջնագծում և նա, և մենք ունենք բավականին հագեցած ուժեր։

«Մարդկանց խաբելու, լղոզելու համար չենք ասում, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք հակառակորդի սադրանքին, և ոչ էլ նրա համար ենք ասում, որ մարդկանց հանգստացնենք։ Հակառակորդն իր սխալներից հետևություններ է անում, նոր զինատեսակներ բերում, դրանք օգտագործելով՝ լարվածության մեջ է պահում մեզ՝ ֆիզիկապես հոգնեցնելու, նյութապես հյուծելու և զգոնությունը թուլացնելու պատճառներով։ Բայց բարեբախտաբար մենք էլ ենք սպառազինվում, օր առ օր ավելի ու ավելի նոր միջոցներ ենք կիրառում, ավելի լավ ենք պատկերացնում հակառակորդի կոմբինացիաները։ Հետևաբար ոչ պետք է ասենք, որ ամեն ինչ հիանալի է, և ոչ մի վտանգ չկա, և ոչ էլ պիտի ասենք, որ հենց վաղը կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել»,- ամփոփել է Արծրուն Հովհաննիսյանը։

Մինչդեռ ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ վերջին 30 տարվա ընթացքում Ադրբեջանի համար այսքան բարենպաստ պայմաններ երբեք չեն եղել՝ լայնածավալ պատերազմ սկսելու համար: «Սա այն դեպքն է, որ Նախիջևանի գործոնն այնքան մեծ է, որ պետք է արհամարհել բոլոր հնարավոր քաղաքական գործոնները և որևէ դեպքում թույլ չտալ այդ առաջխաղացումը: Հիմա կարո՞ղ եք ասել, թե քանի դիրք է առաջ խաղացված: Դիրքերի առաջխաղացում պետք չէր թույլ տալ, 1992 թվականից մինչ այս նման բան չէր եղել»,-դիմելով ՊՆ խոսնակին՝ հարցրել է Շահնազարյանը:

Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---