Մնացականյան. Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ մոտ ժամանակներս հանդիպելու եմ

Մնացականյան. Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ մոտ ժամանակներս հանդիպելու եմ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրին տված հարցազրույցում:

«Մեզ համար շատ էական է և՛ դինամիկան պահպանել, և՛ ժամանակացույց ունենալ շարունակության, և դրա մասին մենք շատ շուտով կհայտնենք․ այո, նախատեսվում է և մոտ ժամանակներս», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե ընթացիկ տարվա ընթացքո՞ւմ է նախատեսվում հանդիպումը՝ Մնացականյանն ասել է. «Միանշանակ, շատ ավելի շուտ, քան՝ այս տարվա ընթացքում»:

Նա հավելել է, որ հունիսի 22-ին Մինսկում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններ չեն եղել, ուղղակի շփում է եղել: «Չեն կարող լինել բանակցություններ, որոնց մասին հասարակությունը չիմանա», - ասել է Մնացականյանը:

Նա ասել է նաև, որ Ղարաբաղի խնդրի շուրջ են բանակցությունները և հիմնական սուբյեկտն այստեղ Ղարաբաղն է։ «Հարցը եղել է Ղարաբաղի մասին, հարցը եղել է Ղարաբաղի բնակչության մասին, Ղարաբաղի ժողովրդի մասին։ Մեզ համար հարցը եղել և մնում է նույնը․ 150 000 մարդկանց, որոնք ունեն իրենց անունները, իրենց ընտանիքները, իրենց տները, իրենց ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխավորման մասին է։ Սա է եղել միշտ հարցը։ Հիմնական կո՞ղմ է․ իհարկե, հիմնական կողմ է, որովհետև իրենց կյանքի մասին է խոսքը, իրենց անվտանգության մասին է խոսքը, ֆիզիկական անվտանգության մասին է, իրենք են եղել զինադադարը ստորագրող կողմ 1994թ.: Սա իրողություն է, որը միշտ եղել է»,-ասել է նախարարը։

Նա հավելել է նաև, որ Հայաստանը եղել է բանակցող կողմ և մնում է բանակցող կողմ, մնում է հավատարիմ խիստ բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորման ապահովմանը։ «Ի վերջո, առանց Արցախի որոշիչ ձայնի Հայաստանն ինչ էլ պայմանավորվի կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու։ Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և այդ սկզբունքը եղել և մնում է օրակարգում»,-ասել է Մնացականյանը։

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսվում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և մաղթում է, որ այն լինի արդյունավետ և անցնի լավ մթնոլորտում, եթե հարցը համաձայնեցվի և հանդիպումը կայանա

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---