Աշոտյան. ՆԱՏՕ-ի հռչակագրերում գերակայությունը, որպես կանոն, տրվում է տարածքային ամբողջականությանը

Աշոտյան. ՆԱՏՕ-ի հռչակագրերում գերակայությունը, որպես կանոն, տրվում է տարածքային ամբողջականությանը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ոչ միայն հավաքական Արևմուտքն է, ԱՄՆ-ի գլխավորությամբ, այլև Թուրքիան, որը տարբեր խողովակներով մշտապես խոչընդոտել է Հայաստանի վերաբերող խնդիրների քննարկմանն ու լուծմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը ունի երկար և հաջողված պատմություն և այն երբեք չի իրականացվել Ռուսաստանի Դաշնության հանդեպ և ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ունեցած դաշնակցային պարտավորությունների հաշվին:

Մասնագիտական և քաղաքական շրջանակները քննարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախապատրաստվող այցը Բրյուսել, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:

«Ասածս վերաբերում է նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին Հայաստանի մասնակցության հարցին: Մշտապես ստանալով մասնակցության հրավեր, մենք հազվադեպ ենք այն ընդունել, հաշվի առնելով Գագաթնաժողովների ավարտին ընդունվող հռչակագրերում տարաշածրջանային կոնֆլիկտների նկատմամբ այդ կառույցի որդեգրված մոտեցումը, որը չի տարբերակում սառեցված հակամարտությունները և, որպես կանոն, գերակայություն է տալիս տարածքային ամբողջականությանը: Ակնհայտ է, որ ԼՂ հակամարտությունը արմատապես տարբերվում է մնացած բոլոր հակամարտությւոններից, և մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը և տարածքային ամբողջականության իմպերատիվը ՆԱՏՕ-ի մոտեցումներում»,-ասվում է գրառման մեջ:

Աշոտյանը հավելել է, որ դիտարկելով այս ամենը, պետք է տարբերակել գալիք գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը և Բրյուսել այցելելու և ԵՄ-ի հետ իշխանափոխությունից հետո հարաբերությունները քննարկելու կարևորությունը:

«Եթե ՆԱՏՕ-ի վերջնական փաստաթղթում տեղ գտնեն շատ կտրուկ ձևակերպումներ մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ապա կառաջարկեմ չմասնակցել գագաթնաժողովին, իսկ ԵՄ-ի հետ նոր կառավարության անմիջական շփումը կազմակերպել մեկ այլ ժամանակահատվածում և առիթով, չհամադրելով ՆԱՏՕ-ի միջոցառումը և Հայաստան-ԵՄ օրակարգը»,-ասվում է գրառման մեջ:

Մինչդեռ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: Թեև Հայաստանի արտգործնախարարությունը դեռ պաշտոնապես չի հաստատում, սակայն ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների թվում է լինելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո՛, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթնաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---