Վարչապետ. Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք հակահարված տալ Ադրբեջանին

Վարչապետ. Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք հակահարված տալ Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նկատի չունի միայն հրադադարի ռեժիմի խախտումները, քանի որ դրանք շատ չեն, ինչի մասին հայտնում են նաև զինվորականները։

Նա նշել է, որ հնչում են ագրեսիվ հայտարարություններ Ադրբեջանի կողմից՝ Բաքուն իրեն ագրեսիվ է պահում հայտարարությունների, ժեստիկուլյացիայի, սահմանին իրավիճակի մակարդակներում: «Զինված ուժերին իմ հրամանը հետևյալն է, որ պետք է ծայրահեղ զգոն լինել և պատրաստ լինել ցանկացած սադրանքի»։ Նա ասել է, որ պետք է ցանկացած պահի պատրաստ լինել պաշտպանվելու և հակահարվածի։

Փաշինյանը նշել է, որ շփման գծի երկայնքով կան ադրբեջանական ուժերի կուտակումներ, հավելելով, որ այդպիսի կուտակումներ կային նաև ապրիլյան պատերազմից առաջ, ադրբեջանցիների մարտավարությունն այն էր, որ այդ վիճակը սովորական դառնա։ Նա նշել է, որ Նախիջևանի ուղղությամբ ևս ապակառուցողական գործողություններ են նկատվում Ադրբեջանի կողմից։

Վերլուծելով Ադրբեջանի գործողությունները՝ վարչապետը հասկացել է, որ Ալիևը ներքաղաքական խնդիրներ ունի. «Նա կարծես մտավախություններ ունի, որ ադրբեջանցիները կարող են ոգեշնչվել Հայաստանում ժողովրդավարական պրոցեսներից և այնտեղ էլ ինչ-որ գործընթանցեր սկսել։ Ուստի՝ Ադրբեջանի ցանկացած ագրեսիվ գործություն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև ժողովրդավարության դեմ»։

Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը Արցախում, Սփյուռքում և Հայաստանում համախմբված է առավել քան երբևէ, ինչը մեր մարտունակության ամենակարևոր գործոնն է։ Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպում հայության բոլոր ռեսուրսները կդրվեն Հայաստանի, Արցախի պաշտպանության և հակառակորդին արժանի հակահարված տալու համար:

«Աշխարհի ցանկացած մասում ապրող յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի ամեն ինչ մի կողմ թողնել ու զբաղվել հայրենիքի պաշտպանությամբ։ Սա է իմ ամենակարևոր ուղերձը»,-հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ իր որդին էլ ծառայում է Արցախում։ «Սա պետք է ցույց տա, որ մենք ոչինչ չենք խնայելու մեր հայրենիքը պաշտպանելու համար»,-ասել է նա։

Հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---