Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում քննությամբ ավելի քան 43 մլն դրամ է վերականգնվել

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում քննությամբ ավելի քան 43 մլն դրամ է վերականգնվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված քննությամբ վերականգնվել է ավելի քան 43 մլն դրամ: ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնում, Տավուշի և Դիլիջանի պահպանության բաժանմունքներում իրականացված աուդիտների ընթացքում արձանագրված ֆինանսական խախտումների փաստերով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահի կողմից նույն բաժնի նախկին պետին և մի քանի ծառայողների, որոշակի ժամանակահատվածում, ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից ընդհանուր 38.493.681 դրամ ավելի գումարներ են վճարվել և յուրացվել։

Ոստիկանությունը հայտնում է, որ դրանց մի մասը վերականգնվել է աուդիտի, իսկ մյուս մասը՝ ծառայողական քննության ընթացքում։

Բացի այդ, Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները ժամանակավոր կատարելիս Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը 2017-ի մայիս-օգոստոս ամիսներին իրեն ավելի է վճարել 4.522.448 դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ։

Տավուշի պահպանության բաժանմունքի նախկին հաշվապահը 2016-ի և 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում իր աշխատավարձի հաշվեհամարին ավելի է վճարել ընդհանուր 380.857 դրամ, որը հետագայում վերականգնվել է ամբողջությամբ։ Ընդհանուր վերականգնված գումարը կազմում է 43.396.986 դրամ։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել վերը նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---