Սարգսյանի եղբորորդու՝ քաղաքացուն առևանգելու դեպքով քրգործ է հարուցվել

Սարգսյանի եղբորորդու՝ քաղաքացուն  առևանգելու դեպքով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի և մի խումբ այլ անձանց մասնակցությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Նշվում է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ 2017թ. օգոստոսի կեսերին, Ն. Սարգսյանի անվտանգության պետ Ա. Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ իր կամքին հակառակ պահելով՝ ենթարկել են ծեծի:

Ըստ հաղորդման՝ նշված նկուղում ներկա է գտնվել Ն. Սարգսյանը, ով ատրճանակով սպառնալիքներ է տվել իրեն, ապա գազայրիչով վառել է իր մարմնի տարբեր մասերը՝ պահանջելով գիշերային ակումբ աշխատեցնելու բիզնեսով չզբաղվել, այդ նպատակով չվարձակալել Երևան քաղաքում գտնվող «Օպերա» ակումբը և այնտեղ չծավալել ձեռնարկատիրական գործունեություն:

Այնուհետև վերը նշված անձինք քաղաքացուն տեղափոխել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սկանյա» բեռնատար մեքենաների սպասարկման սրահի վարչական շենք, 2-3 ժամ ապօրինի պահել այնտեղ, ապա Ն. Սարգսյանը մի քանի այլ անձանց հետ կրկին ծեծի է ենթարկել քաղաքացուն, ապա պահանջել է հեռախոսով բարձրախոսով «Օպերա» ակումբի սեփականատիրոջը հայտնել, որ հրաժարվում է այդ ակումբում գործունեություն ծավալելուց: Ն. Սարգսյանի պահանջը կատարելուց հետո քաղաքացուն ազատ են արձակել:

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---