Ստամբուլում թույլ չեն տվել տոնել մայիսի 1-ը` ցրելով մարդկանց ջրանետ մեքենաներով, գազով եւ մահակներով

PanARMENIAN.Net - Թուրքական երեք արհմիութենական միությունների առաջնորդները հրաժարվել էին Ստամբուլի կենտրոնական Տաքսիմ հրապարակում բազմահազար մայիսմեկյան ցույցի անցկացումից, այն բանից հետո, երբ ոստիկանությունը արգելափակել էր շարասյուների երթուղին եւ ջրանետ մեքենաներ ու արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ:



Տեղի հեռուստակայանները ուղիղ եթերում ցուցադրեցին, թե ինչպես էին ոստիկանները կրակում Ստամբուլի փողոցներում գազի նռնակներով, զրահամեքենաների վրա տեղակայված ջրանետ մեքենաներից, մահակներով ծեծում դրոշներով եւ պաստառներով մարդկանց: Ի պատասխան քարեր էին նետվում: NTV հեռուստակայանը հաղորդել էր, որ գազի նռնակ էր պայթել Շիշլի շրջանի հիվանդանոցի ընդունարանի մոտ:



«Մենք դադարեցնում ենք ակցիան, կառավարության սադրանքին չենթարկվելու համար»,-հայտարարել է Հեղափոխական բանվորների արհմիության կոնֆեդերացիայի ղեկավար Սուլեյման Չելեբին: «Մենք ցանկանում էինք տոնական մթնոլորտում ներկայացնել մեր պահանջները Տաքսիմ հրապարակում, սակայն ստիպված ենք դադարեցնել ակցիան: Այս ամենի համար մենք պատասխան կպահանջենք կառավարությունից»,-ասել է նա ցուցարարներին արհմիությունների կենտրոնակայանի մոտ:



Թուրքիայի երեք խոշորագույն արհմիութենական միությունները փորձել են ցույց անցկացնել Ստամբուլի Տաքսիմ հրապարակում, սակայն մերժվել էին Ստամբուլի իշխանությունների կողմից: «Նման ակցիաների համար, -հայտարարել են իշխանությունները,-քաղաքում այլ վայրեր են առանձնացված:



Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարել է մայիսմեկյան ցույցի ապօրինության մասին, զգուշացնելով, որ օրինախախտների դեմ կոշտ միջոցներ կկիրառվեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ստամբուլի նահանգապետ Մուամմեր Գյուլերը, հաղորդում է Եվրոնյուսը:



«Ոստիկանական պետությունը թույլ չի տվել տոնել մայիսի 1-ը: Մեխակները ձեռքերին, աշխատավորները ցանկանում էին մասնակցել ցույցի, սակայն ցրվեցին ջրանետների, գազի եւ մահակների օգնությամբ: Կառավարության հրամանով ոստիկանությունը, մի կողմ նետելով «ժողովրդավարության» դիմակը, վերածեց Ստամբուլը մարտի դաշտի: Մահակներով հարվածում էին նույնիսկ զբոսաշրջիկներին: Մայիսի մեկը դարձավ իշխով կուսակցության կողմից ահաբեկչության օր»,-գրում են թուրքական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---