ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել Ադրբեջանում ձերբակալված 34- ամյան Կարեն Ղազարյանին: Այդ մասին հայտարարել է ԿԽՄԿ հայկական պատվիրակության խոսնակ Գոհար Տեր- Հակոբյանը, հայտնում է Հանրային ռադիոյի «Ռադիոլուրը»:

Այլ տեղեկություններ չեն հրապարակվել, տեղեկացվել է միայն, որ այցը տեղի է ունեցել օգոստոսին։

«Բաքվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները հուլիսին և օգոստոսին այցելել են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց, այդ թվում՝ վերջերս կալանավորվածին: Համաձայն մեր մանդատի՝ մենք այցելում ենք ազատազրկվածներին, դիտարկելու ազատազրկման պայմանները, նրանց հետ վարվելակերպը նաև օգնելու, որ կապ հաստատեն հարազատների հետ: Կարող եմ հաստատել, որ այց եղել է Կարեն Ղազարյանին»,- ասել է Գոհար Տեր- Հակոբյանը:

Ադրբեջանում ձերբակալված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ց հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։«ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ», - հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---