1301 ապօրինի հատված ծառ՝ Ստեփանավանի անտառներում. Մոտ 89 մլն դրամի վնաս՝ պետությանը

1301 ապօրինի հատված ծառ՝ Ստեփանավանի անտառներում. Մոտ 89 մլն դրամի վնաս՝ պետությանը

PanARMENIAN.Net - «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններում ապօրինի հատվել է 1301 հատ ծառ. հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով քննիչի որոշմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության 12-րդ և 14-րդպահաբաժիններում նշանակվել էր մասնագիտական ստուգում, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչությանը։

Վարույթն իրականացնող մարմինն ստացել է ստուգման ակտը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պահաբաժինների անտառածածկ տարածքներում մասնագիտական խմբի կողմից արձանագրվել են ապօրինի հատված 1301 տարբեր տեսակի և տրամագծերի ծառերի կոճղեր: Պետությանը պատճառված վնասը, նախնական տվյալներով, գնահատվել է 88,7 մլն դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և որոշում կայացվել՝ այն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---