Շահեն Հարությունյան. Փաշինյանի առաջարկած պատժի կրման փոփոխությունն առաջարկում էր նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը

Շահեն Հարությունյան. Փաշինյանի առաջարկած պատժի կրման փոփոխությունն  առաջարկում էր նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը

PanARMENIAN.Net - 2013-ին «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված ու դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն արձագանքել է հորն ազատ արձակելու վերաբերյալ վարչապետին հասցեագրված իր նամակից հետո Փաշինյանի խոսնակի պատասխանին՝ այն անվանելով ամբոխավար: Այդ մասին նրա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Գրառման մեջ Շահեն Հարությունյանը հիշեցնում է.

«1. Ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վարչապետ ընտրվելուց մեկ շաբաթ անց:

2. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շանթ Հարությունյանի հետ:

3. Շանթ Հարությունյանին առաջարկվել է ստորագրել և փոխել կալանքի կրման՝ պատժի կրման ձևը:

Ըստ էության, վարչապետի խոսնակն այս իրողություններն այնպես է ներկայացրել՝ իբրև թե դրանց մասին ես չեմ բարձրաձայնել և դրանք եղել են Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած քայլերը, որից հրաժարվել է Շանթ Հարությունյանը և մենք կեղծելով իրողությունը՝ փորձում ենք վատաբանել Նիկոլ Փաշինյանին:

Օգտվելով ժողովրդի անտեղյակությունից, այնպես են ներկայացնում իրենց առաջարկը, իբրև Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին ազատաություն է շնորհել:

Պարզաբանեմ. Շանթ Հարությունյանին Վարդաշեն ՔԿՀ պետը առաջարկել է դուրս գալ բաց ռեժիմ, որի հնարավորությունը Շանթ Հարությունյանն ունեցել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նույնպես: Բաց ռեժիմ հասկացողությունը իրենից ենթադրում է, որ կալանավորը յուրաքանչյուր աշխատանքային օր, առավոտյան 8-ին դուրս գա բանտից և երեկոյան 8-ին վերադառնա բանտ և մնա հատուկ կալանավորների պահման վայրում, իսկ շաբաթ, կիրակի օրերին ընդհանրապես մնա բանտում: Բաց ռեժիմը համարվում է կալանքի տեսակ: Բաց ռեժիմ դուրս գալը չի նշանակում ազատվել պատժից: Դա նշանակում է պարզապես մեղմացնել պատիժի կրման ձևը: Եվ եթե նշված ժամից, կալանավորը ուշանա, իր վրա դա կնշվի որպես իրավախախտում և կրկին կալանավորին կտեղափոխեն փակ ռեժիմ: Սա է ամբողջ իրողությունը, թե ինչ են առաջարկել Շանթ Հարությունյանին»:

Գրառման մեջ նշվում է, որ հարցը բարոյականության և տրամաբանության մեջ է՝ առհասարակ յուրաքանչյուր ադեկվատ և բարոյական հասարակություններում՝ հեղափոխությունից հետո, քաղբանտարկյալներին չեն ներում, չեն մեղմացնում պատիժի կրման ձևը, քաղբանտարկյալներին արդարացնում են և ազատ արձակում: Նշվում է նաև, որ ոչ միայն քաղբանտարկյալներին արդարացնում են, այլ նաև համաներում են իրականացնում բոլոր կալանավորների նկատմամբ՝ որպես սիրո և համերաշխության դրսևորում:

«Նիկոլ Փաշինյանի առաջարկած պատժի կրման փոփոխությունն առաջարկել է նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը: Այսինքն թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները նույն վերաբերմունքն ունեն Շանթ Հարությունյանի հարցում:

Սկզբունքայնությունը, արժանապատվությունը, բարոյականությունը դրանք լոկ խոսքեր չե՛ն: Դրանք արժեքեր են, որոնք դրսևորվում են մարդկանց ապրելաձևի շնորհիվ:

Շանթ Հարությունյանը չի պատրաստվոմ ներման դիմում գրել կամ մեղմացնել իր պատիժի կրման ձևը միայն նրա համար, որ դուրս է եկել Հայաստանը քանդող և ժողովրդին կեղեքող ռեժիմի դեմ: Շանթ Հարությունյանը չպիտի ներման միջոցով ազատ արձակվի, միայն նրա համար որ հայհոյել է տասնամյակներ շարունակ ժողովրդին հայհոյողներին: Շանթ Հարությունյանը սկիզբ է դրել Արժեքների հեղափոխությանը մեր երկրում: Անադեկվատ մոտեցում Շանթի հարցով: Չեմ հասկանում ինչպես կարելի է պատժի մեղմացումը ներկայացնել՝ որպես ազատություն: Սա անհասկանալի է...

Հ.Գ. Իսկ երբ ինձ անթիվ-անհամար մեղադրանքներն են հնչում՝ թե որտեղ էի ես Սերժի իշխանության օրոք և ինչի չէի պայքարում, ասեմ. ես ոստիկանություններում և դատարաններում էի, հիվանդանոցներում և հրապարակներում էի: Քնում էի փողոցում, զարթնում ազատ, անկախ Հայաստանի համար պայքարի մոլուցքով: Իսկ դուք որտե՞ղ էիք...

Հ.Գ.2 Ձեր անկախ դատական համակարգը թո՛ղ Շանթ Հարությունյանին պահի բանտում և զրկի իր քաղաքական գործունեությունից, իսկ Ռոբերտ Քոչարյանին թողնի ազատության մեջ և տա՛ հնարավորություն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Սա է Ձեր դատական համակարգի իրական դեմքը, որին չի ցանկանում խառնվել Ձեր սիրելի վարչապետը»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն, անդրադառնալով նրա մինչ օրս բանտում գտնվելու հարցին, հայտարարել է, որ Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահպան ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ավելի վաղ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ստացվեց այնպես, որ բոլոր քաղբանտարկյալները ազատության մեջ են։ Եվ ոչ միայն քաղբանտարկյալները։ Այլ նաև՝ երբեմնի քաղբանտարկյալներին դատողները։Ուստի, պարո՛ն վարչապետ, հույս եմ հայտնում, որ շատ կարճ ժամանակում, կլուծվի հորս՝ արժանապատվությամբ ազատ արձակվելու խնդիրը»,-ասվում էր նրա նամակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---