Վարչապետ. Դպրոցը երեխային պիտի պատրաստի թռիչքի

Վարչապետ. Դպրոցը երեխային պիտի պատրաստի թռիչքի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, ժամանել էր Սևան քաղաքի թիվ 3 դպրոց։

Սևանի թիվ 3 դպրոցն ընդունել է 111 առաջին դասարանցի:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորելով դպրոցականներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ նշել է, որ նոր Հայաստանի սեպտեմբերի 1-ն է, և այս փոքրիկները նոր Հայաստանի առաջին 1-ին դասարանցիներն են, հայտնում է Panorama.am-ը:

«Ի՞նչն է տարբերությունը, ինչը պետք է տարբերվի այս նոր իրավիճակում: Կարծում եմ՝ ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ նոր Հայաստանում կարևորը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը: Այսինքն՝ ամեն աշակերտ ու ամեն ծնող պետք է ոչ թե գնահատականի հետևից գնա, այլ գիտելիքի: Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունը, ընդունակությունների զարգացումը: Նոր Հայաստանում ուսուցիչը պետք է իր առջև խնդիր դնի, որ երեխային ոչ թե ինչ-որ տվյալներ փոխանցի, այլ դպրոցը երեխային պիտի պատրաստի թռիչքի բառիս բուն իմաստով, քանի որ մենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի: Եկել են ժամանակներ, որ մենք պետք է կարողանանք թռչենք, հասնենք բարձր նպատակների, արդյունքների»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նոր Հայաստանում ուսումնական պրոցեսը պետք է ոչ թե տառապանք լինի, այլ՝ հաճույք:

«Այս դժվարին խնդրի համար պետք է կարողանանք համախմբել մեր ուժերը, ոչ միայն դպրոցը, ուսուցիչները, ծնողները, քաղաքական ուժերին, այլև ողջ հանրությունը, ժողովուրդը, պետությունն ու կառավարությունը: Նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է նոր էջ և այդ նոր էջում մենք պետք է ապրենք հաճույքով, ազատ ու երջանիկ: Ուզում եմ հաջողություն մաղթել բոլորիս, երեխաներին հաջողություն մաղթել թռիչքի պատրաստվելու առաջին օրվա կապակցությամբ: Ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել թռիչքի նախապատրաստվելու մեր նոր ժամանակաշրջանում, որովհետև սա իսկապես նոր Հայաստան է, նոր իրավիճակ է և ես բոլորիդ աչքերի մեջ տեսնում եմ այդ նորության, ապագայի նկատմամբ վստահության զգացողությունը: Հավատացեք՝ այդ վստահությունը ոչ միայն չի պակասելու, այլ ամեն օրվա հետ ավելի ու ավելի հզորանալու է,քանի որ դուք մի ժողովուրդ եք, որ հաղթել է, սրանից հետո չի պարտվելու և միշտ լինելու է հաղթողի դերում: Շնորհավորում եմ հաղթական ժողովրդի հաղթական զավակներին, որոնք այսօր նոր էջ են բացում նոր Հայաստանում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---