Ի հիշատակ Ազնավուրի «Ավրորա» նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի

Ի հիշատակ Ազնավուրի «Ավրորա» նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի

PanARMENIAN.Net - Ի հիշատակ Շառլ Ազնավուրի «Ավրորա» նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ: Այդ մասին ասվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմանդիրներ Նուբար Աֆեյանի, Վարդան Գրեգորյանի, Ռուբեն Վարդանյանի հայտարարության մեջ:

Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին հնարավորություն կտա սովորելու UWC Դիլիջան միջազգային դպրոցում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ այս կրթաթոշակը կմիավորի Ազնավուրի երկու հայրենիքները՝ Հայաստանն ու Ֆրանսիան, և մեզ էլ կտա հնարավորություն փառավորելու այդ կապերը եւ շարունակելու երախտապարտ լինել Ազնավուրին սերունդներ շարունակ:

Այս կրթաթոշակները տրվում են ի երախտիք ավելի քան հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ապաստան ու սնունդ տված երկրների ժողովուրդներին: Ազնավուրն այն մարդկանցից էր, որը Ֆրանսիայում ստացավ ապաստան և փառքի հասավ, ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: «Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իր երաժշտությամբ եւ բնույթով մարդկայնության եւ մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին:

Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝ սեր, եռանդ, ինքներս մեր եւ մեր մերձավորների նկատմամբ հավատ: Նա տարածեց այս ամենը՝ իբրեւ դերասան եւ երգիչ, իբրև մարդասեր և բարերար: Նա երբեք չի մոռացվի՝առհավետ մնալով մեր սրտերում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին իսկ օրվանից Ազնավուրը նախաձեռնության կողքին էր՝ դառնալով «Ավրորա» մրցանակի շնորհման 2016թ. եւ 2017թ.արարողությունների ամենակարեւոր մասնակիցներից մեկը:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացավ մեծ արտիստ ևմեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ,Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---