Մակրոն. Այսօր առիթ է հիշելու, թե մենք՝ որպես ազգ, որքան պարտական ենք հայերին

Մակրոն. Այսօր առիթ է հիշելու, թե մենք՝ որպես ազգ, որքան պարտական ենք հայերին

PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը մինչև հոգու խորքը ֆրանսիացի էր, բայց շատ ամուր թելերով կապված էր իր հայկական արմատներին և ճանաչված էր ամբողջ աշխարհում: Այդ մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում ելույթ ունենալով աշխարհահռչակ շանսոնյեի հրաժեշտի արարողությանը:

Նա նշել է, որ Շառլ Ազնավուրը ուզում էր ապրել մի դար, նա ինքն իրեն խոստացել էր, նա խոստացել էր նաև մեզ և ընդունում էր դա որպես կյանքին նետված մարտահրավեր: Տարիքը նրան չէր խանգարում ծիծաղել, ստեղծել և ապրել, սակայն մահը վրա հասավ։ «Մենք շատ զարմացանք և տխրեցինք, քանի որ սովոր չէինք, որ նրա ցանկությունը չիրականանա», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

«Բոլոր առաքելություններից նա նախընտրում էր հավատարմությունը. հավատարիմ էր ծնողներին, կնոջը, ընտանիքին, բարեկամներին, ընկերներին, ծանոթներին և անծանոթներին, նա հավատարիմ էր նաև Հայաստանին: Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը, նաև այն առատաձեռն զավակը, որ օգնության ձեռք մեկնեց 1988 թվականի երկրաշարժից տուժածներին: Նրա այդ հանձնառությունն այսօր շարունակում է «Ազնավուր» հինադրամը` ի նպաստ հայերի, Հայաստանի, ֆրանս-հայկական բարեկամության: Չնայած այն ցավին, որ թողեց ցեղասպանությունը` Ազնավուրը շարունակեց իր գործողությունները և ձևավորեց իր պայքարը: Ազնավուրը մշտապես երգել է Հայաստանի, հայ ժողովրդի մասին՝ ցանկանալով պաշտպանել այն մարդկանց արժանապատվությունը, որոնց փորձել են լռեցնել: Հավատարիմ մնալով իր արմատներին` նա մեզ ցույց տվեց իր ֆրանսիական հոգու մեջ օտարազգու փոքրիկ մասնիկը: Նրա շնորհիվ Հայաստանը շատ բան է տվել Ֆրանսիային: Նրա միջոցով այսօր առիթ է հիշելու, թե մենք՝ որպես ազգ որքան պարտական ենք բոլոր այն հայերին, ովքեր ստիպված լքեցին իրենց երկիրը և եկան ապաստան գտնելու մեզ մոտ: Սա ընդհանուր ճակատագիր է: Բոլոր երկրների հայեր, այսօր իմ մտքում դուք եք:

Հաջորդ շաբաթ Շառլ Ազնավուրը մեզ հետ պետք է լիներ Երևանում` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, և նրա տեղը բացակա կմնա: Թո՛ղ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամությունն արժանի լինի նրա տված դասերին», - հայտարարել է Մակրոնը:

«Վստահ եմ, որ դեռ շատ երկար տարիներ միլիոնավոր մարդիկ դժվարության, հույսի, ուրախության պահերին իրենց հիշողության մեջ կպահեն այն երաժշտությունը կամ այն երգերի բառերը, որ այս բացառիկ բանաստեղծը թողել է մեզ: Յուրաքանչյուրիս սրտում նա կշարունակի իր ճանապարհը` քայլելով ուղիղ, ձեռքը գրպանում, ժպիտը դեմքին, և մեզ հետ միասին նա հպարտորեն կանցնի այս դարը: Այլևս նա մեզ չի լքի, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել լեգենդար շանսոնյեի հիշատակի արարողությունը: Ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---