Նախարարն արձագանքել է բժիշկների բաց նամակին. ՀՀ վերադառնալուն պես կուսումնասիրի դեպքը

Նախարարն արձագանքել է բժիշկների բաց նամակին. ՀՀ վերադառնալուն պես կուսումնասիրի դեպքը

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է ԵՊԲՀ-ում նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ տհաճ միջադեպի վերաբերյալ Հայաստանի առաջատար բժիշկների, պրոֆեսորների բաց նամակին:

Նա տեղեկացրել է, որ գտնվում է գործուղման մեջ և Հայաստան վերադառնալուն պես կուսումնասիրի դեպքի հանգամանքները:

«Մամուլից ծանոթացա ինձ ուղղված բաց նամակին։ Այս պահին գործուղման մեջ եմ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Վերադառնալուն պես կպարզեմ բարձրացված հարցի հանգամանքները», - գրել է Թորոսյանը:

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու և քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ տհաճ միջադեպ է գրանցվել, որի վերաբերյալ Հայաստանի առաջատար բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով իրենց անհանգստությունն են հայտնել կառավարությանը:

Վանեսյանն անհասկանալի պատճառներով վրդովվելով առաջարկից, դրսևորել է շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք: Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում, պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ներազդել մագիստրոսական ծրագրի այլ շրջանավարտների վրա, արգելելով նրանց արարողության ավարտական հատվածում ելույթ ունենալ, արարողության ժամանակ բոլոր շրջանավարտների անունից բարձրաձայն, արհամարհական տոնայնությամբ հրաժարվել է ելույթ ունենալուց, որից հետո շրջանավարտների՝ դասախոսի հետ համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին՝ խոչընդոտելով նրան լուսանկարվել շրջանավարտների հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---