ՀՀ-ԵՄ կոմիտեն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին զսպվածություն ցուցաբերել

ՀՀ-ԵՄ կոմիտեն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին զսպվածություն ցուցաբերել

PanARMENIAN.Net - ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է արել ՀՀ բոլոր քաղաքական ուժերին զսպվածություն ցուցաբերել՝ հայտարարություն ընդունելով և ներկայացնելով առաջարկություններ, որոնք հիմնվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365-րդ հոդվածի վրա:

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը, որի ավարտին ընդունվել է եզրափակիչ հայտարարություն:

Ընդունված փաստաթուղթը արտացոլում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս բնույթն ու երկուստեք կարևորություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում և հարցերում դիրքորոշումներ, հայտնուիմ է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես, փաստաթղթում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչի առնչությամբ Խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին խուսափել ներքաղաքական դաշտում լարվածության աճից, զերծ մնալ ատելության խոսքի ցանկացած դրսևորումներից, անհանդուրժողականությունից և բռնությունից՝ նպատակ ունենալով չթուլացնել երկրի կայունությունը և հասարակական միախմբվածությունը:

Կոմիտեն նաև կոչ է անում հայաստանյան իշխանություններին ապահովել, որ գալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն ժողովրդավարության, արդարության և թափանցիկության մթնոլորտում՝ բոլոր քաղաքական ուժերին տալով հնարավորություն իրականացնելու իրենց նախընտրական քարոզարշավները հանգիստ պայմաններում:

Նշվում է, որ Ազգային ժողովին պետք է տրվի հնարավորություն Սահմանդրության շրջանակում իր գործառույթներն իրականացնելու համար: Կոմիտեն նաև հիշեցնում է Սահմանադրությանը համապատասխան օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի կարևորությունը:

Կոմիտեն նաև կոչ է անում հայաստանյան իշխանություններին իրականացնելու Եվրոպայի խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր առաջարկությունները, հատկապես այնպիսիք, որոնք վերաբերում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ըստ անհրաժեշտության դիմել նաև միջազգային հանրության աջակցությանը, օրինակ Եվրոպական միությանը, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցին՝ կոմիտեն ափսոսանք է հայտնում հակամարտության հետևանքով մարդկային շարունակական կորուստների համար: Փաստաթղթում նաև նշվում է, որ կոմիտեն խորը ափսոսանք է հայտնում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների հետ կապված, ինչը խլում է թե զինծառայողների և թե քաղաքացիական անձանց կյանքեր երկու կողմերից, խոչընդոտում է ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Կոմիտեն նաև ընդունում է այն, որ ներկայիս ստատուս քվոն ոչ ընդունելի է ու ոչ էլ կայուն և որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Փաստաթղթում գործընկերության կոմիտեն վերահաստատում է իր անփոփոխ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին, ինչը նշված է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկեության համաձայնագրում. մասնավորապես, խոսքը վերաբերում է այն նպատակներին եւ սկզբունքներին, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին:

Նշվում է, որ ջանքերը պետք է հիմնված լինեն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համընդհանուր սկզբունքների վրա, ինչը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով և այլ բազմակողմ փաստաթղթերով, որոնք ընդգծում են խաղաղ կարգավորման առնչությամբ առկա համաձայնեցված ձևաչափերի կարևորությունը: Կոմիտեն նաև կարևորում է անվտանգության, կանխատեսելիության և կայունության առնչությամբ սպառազինությունների վերահսկման և վստահության, անվտանգության ապահովման համար միջոցների առկայությունը:

Ընդունված եզրափակիչ հայտարարությամբ Կոմիտեն կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին վարել բարձր մակարդակի բանակցություններ և հանձնառու լինել վստահության ամրապնդման իրական միջոցների ու նորացված երկխոսության՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև կայունացնել անվտանգային իրավիճակը և խթանել ավելի կառուցողական մթնոլորտ հետագա բանակցությունների համար՝ նպատակ ունենալով հակամարտության խաղաղ կարգավորումը:

Կոմիտեն նաև վերահաստատել է իր ողջ հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման առնչությամբ, ինչպես առաջարկված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և ինչն իր աջակցությունն է ստանում Եվրոպական միության ու Եվրոպական խորհրդանի կողմից:

Ընդունված փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Կոմիտեն հիշեցրել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին լրանում է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը ու կոչ է արել ԵՄ անդամ պետություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում նշվում է նաև այն հանգամանքը, որ վերոնշյալ հարցը վերջին տարիներին դարձել է Թուրքիայում բաց և հանրային բանավեճերի առարկա:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նոր մակարդակի խորհրդարանական այս ձևաչափը, որը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, փոխարինում է ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի ձևաչափին և կոչված է ամրապնդելու Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև փոխգործակցությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---