Փաշինյան. Կառավարությունն ի վիճակի է կաթողիկոսի անվտանգությունն ապահովել

Փաշինյան. Կառավարությունն ի վիճակի է կաթողիկոսի անվտանգությունն ապահովել

PanARMENIAN.Net - Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը երաշխավորող նախագծին: Նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Օրենքի նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, ոչ թե վարչապետի հայեցողությամբ», - ասել է նախարարի պաշտոնակատարը՝ նշելով, որ կառավարությունը առաջարկում է օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:

Հարցին արձագանքել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, թե կարծում է, որ, ընդհանուր առմամբ, նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովել, հայտնում է Aysor.am-ը:

«Պետք չէ տպավորություն թողնել, որ Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան է սպառնում, և եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ ընկալում է», - ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրավիճակները չպետք է մեկնաբանել այլ կերպ, քան կան: «Կարծում եմ, որ, իսկապես, տեղին չէ և եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, այդ հարցը ես ինքս պատրաստ եմ քննարկել և ըստ անհրաժեշտության որոշում կայացնել և դրա համար օրենքի անհրաժեշտություն չեմ տեսնում: Առավել ևս, օրենքը բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասին է և ես չեմ կարծում, թե կոռեկտ է Ամենայն Հայոց կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանականության մեջ», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նախագծի հեղինակը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն էր, որն առաջարկում էր օրենքով երաշխավորել Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը՝ ինչպես երաշխավորված է ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահի անվտանգությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---